Կառավարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քայլելիս մի քանի բառ փոխանակում։ Նրանք այսօր միասին մասնակցել են Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովին։ Իհարկե, տեղի ունեցածը ոչ թե հանդիպում կամ բանակցություն է, այլ, այսպես ասած, մտքերի փոխանակություն «ոտքի վրա»։
 
«Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ խոսակցություն», – ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մանրամասները կպատմի Երևան վերադառնալուց հետո:
 
Հուսանք, որ մի քանի ժամից արդեն մենք կտեղեկանանք, թե ինչի շուրջ էին խոսում Փաշինյանն ու Ալիևը, և արդյո՞ք այդ կարճատև զրույցը վերաբերել է նրանց հնարավոր հանդիպմանը։
 
Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումից հետո հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, որում ամփոփել են սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ առանձին և համատեղ հանդիպումների արդյունքները: «Համանախագահները և նախարարները քննարկեցին իրավիճակը տարածաշրջանում և խնդրեցին պարզաբանել վերջերս հնչած որոշ հայտարարություններ և միջադեպեր, որոնք մտահոգության տեղիք են տվել», – հայտարարել են Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը՝ առանց մանրամասներ նշելու:
 
Միջնորդները նաև խորը մտահոգություն են հայտնել մահվան շարունակվող դեպքերի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին խուսափել ռազմական հռետորաբանությունից: Եռանախագահներն ընդգծում են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: «Այդ համատեքստում նախարարները հաստատեցին բանակցային գործընթացը ակտիվացնելու և լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը»,- նաև հայտարարել են Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները՝ տեղեկացնելով, որ նախարարները պայմանավորվել են մինչև տարեվերջ նորից հանդիպել: Միջնորդները հայտնում են, որ մոտ ապագայում պլանավորում են այցելել տարածաշրջան:
 
Հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ չնայած մանրամասներ չի պարունակում, սակայն միջնորդներն ակնհայտորեն հասկացնում են, որ իրենց մտահոգում է հակամարտող երկու կողմերի մոտեցումներրն ու վարքագիծը։ Այս առումով համանախագահության այս հայտարարությունը, կարելի է ասել, նույնիսկ հասցեական է՝ Երևանին ու Բաքվին ուղղված կոնկրետ ակնարկներով։
 
Կասկածից դուրս է, որ առանձին հանդիպումների ընթացքում միջնորդները փորձել են Մամեդյարովից պարզել, օրինակ, սահմանային վերջին լարվածության, սադրանքների պատճառները, որոնք երկուստեք մարդկային զոհերի տեղիք են տվել ու շեշտակիորեն մեծացրել են պատերազմի ռիսկերը։
 
Սակայն, մեր խորին համոզմամբ, պարզաբանումներ տալու խնդիր ունի նաև հայկական կողմը, ու այդ մասին մենք գրել ենք բազմիցս՝ մինչև Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ու համանախագահների հայտարարությունը։ ԼՂ խնդրում Հայաստանի իշխանության առաջին դեմքերը ու հատկապես Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով, որոնք կարող են տարակուսանք առաջացնել միջազգային հանրության, միջնորդական առաքելություն իրականցնող ձևաչափի մոտ։ Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կարևորում է ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին՝ ասելով, թե իրեն իրավունք չի վերապահում բանակցել Արցախի անունից։ Սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների ու Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում, Փաշինյանն ասել է, թե հայկական կողմի նպատակը Արցախը Հայաստանին միացնելն է։
 
Այս իրարամերժ հայտարարությունները համանախագահության մոտ կարող են շփոթ ու տպավորություն առաջացնել, որ հայկական կողմը միտումնավոր հակադրվում է բանակցային համատեքստին։ Պատահական չէ, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել թե՛ Ադրբեջանի սադրած միջադեպերի և թե՛ «մտահոգություն ծնող որոշ հայտարարությունների» մասով՝ թերևս նկատի ունենալով Փաշինյանի հրապարակային ելույթները։
 
Այս համատեքստում խիստ սկզբունքային ենք համարում Հայաստանի ղարաբաղյան քաղաքականության հստակեցումը, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարության մեջ նույն նժարի վրա չդրվի Երևանի ու Բաքվի պատասխանատվությունը՝ բանակցային գործընթացը վիժեցնելու հարցում:
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի