Սերժ Սարգսյանին Ավանում 602 մլն դրամ արժեցող տուն է առաջարկվել՝ Ռուբեն Հայրապետյանի տան հարեւանությամբ
 
Լուսանկարում ծառայողական այն տունն է, որտեղ Սերժ Սարգսյանն ապրել է նախագահության տարիներին
 
ՀՀ կառավարությունը 3-րդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է առաջարկել: Այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
 
Նրա փոխանցմամբ՝ Կառավարությունը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, բնակարանի այս տարբերակն առաջարկել է սեպտեմբերի 26-ին: «Տրվել է հինգ օր ժամանակ, որպեսզի մեզ վերջնական պատասխան տան: Մենք նրան առաջարկել ենք առանձնատուն, որը գտնվում է բարվոք վիճակում: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը որեւէ հիմք չպետք է ունենա, որ հրաժարվի այդ առանձնատնից»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց Աղաջանյանը:
 
Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատան արժեքը կազմում է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը համարժեք է 602 միլիոն ՀՀ դրամի: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել սակարկել առանձնատան արժեքը: «Մեր բանակցությունների արդյունքում այն իջեցվել է եւ դարձել 950 հազար ԱՄՆ դոլար: Եթե համեմատենք այս բնակարանը Ռոբերտ Քոչարյանի բնակարանի հետ, ապա պարոն Քոչարյանի բնակարանն անհամեմատելի թանկ է: Եթե մենք պետգույքի հաշվեկշռում ունենայինք այլ տարբերակ, ապա անպայման կառաջարկեինք: Սա վերջնական առաջարկն է եւ կսպասենք պարոն Սարգսյանի գրասենյակի պատասխանին»:
 
Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատունը գտնվում է Ավան վարչական շրջանում: «Գտնվում է բավականին թանկարժեք առանձնատների թաղամասում»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Ըստ Աղաջանյանի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատան մոտակայքում գտնվում է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը:
 
Նշենք, որ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը մեծ դժվարությամբ է լուծվում: Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանին առաջարկվում են տարբերակներ, որոնցից նա է հրաժարվում, ինչպես նաեւ նա է ցանկանում ստանալ ինչ-որ շինություններ, որոնց կառավարությունն է դեմ արտահայտվում: Ամռան ամիսներին Սերժ Սարգսյանը ցանկացել էր պետությունից ստանալ Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ էր եղել: Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հաշվեկշռային արժեքը կազմում է 907 մլն 817 հազար ՀՀ դրամ: Սա համարժեք է 2 միլիոն դոլարի: 
 
Սերժ Սարգսյանը, ինչպես վարչապետի ընտրության ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, նախկինում էլ է ցանկացել ԱԱԾ ընդունելությունների տան հսկայական տարածքն՝ առկա շենք-շինություններով իրենով անել: Սակայն, չգիտես ինչու, վերջին պահին մտափոխվել է եւ ցանկացել է, որպես ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահ, պետությունից վերցնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող այն շքեղ առանձնատունը, որն իրեն է սպասարկել նախագահության 10 տարիներին: Ի դեպ, այդ առանձնատունը ամրացված է 6-րդ մասնաշենքում, որը ներառում է նաեւ սպասարկման տարածք՝ 1.5365 հեկտար: Այս տարածքը համարժեք է երեք ֆուտբոլային դաշտի:
 
Սակայն այս առանձնատունը Սերժ Սարգսյանի սեփականությունը եղավ ընդամենը 20 օր: Ապրիլի 19-ին իր կողմից վարած առաջին եւ վերջին կառավարության նիստի ժամանակ նա հրաժարվեց այդ առանձնատնից: «Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը եւ ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի, ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն՝ այսօր: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ»,- ապրիլի 19-ին, մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանը:
 
Այնուհետ, Սերժ Սարգսյանը ցանկացել էր, որ պետությունը իրեն բնակարանով ապահովի «Վահագնի» թաղամասում: Սակայն նա ցանկացել է այն առանձնատունը, որը կգնի իր համար պետությունը, նաեւ պարսպապատվի եւ առանձնացվի թաղամասում առկա մյուս առանձնատներից: Նրա գրասենյակի աշխատակիցները «Վահագնի» թաղամասը տակն ու վրա անելուց հետո գտել են այնպիսի մի առանձնատուն, որը գտնվում է թաղամասի անկյունային հատվածներից մեկում: «Վահագնի» թաղամասի ադմինիստրացիան մերժել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ներկայացուցիչների նման պահանջը՝ նշելով, որ դա թաղամասում սահմանված կարգի կոպիտ խախտում է, որեւէ տուն չի կարող ցանկապատվել:
 
Ի դեպ, փոփոխված օրենսդրությամբ՝ հանրապետության պաշտոնաթող նախագահն այլեւս չունի նման արտոնություններ: Պաշտոնավարման ավարտից հետո բնակարանով ապահովվելու է ՀՀ վարչապետը, ինչպես նաեւ պետությունն ապահովելու է նրա գրասենյակի ֆինանսավորումը եւ անձի անվտանգության պահպանումը: