Մի աղմկոտ մեկուսացման լուսանկար. նախորդ համակարգը տեսել է սարսափելին
 
Նախօրեին համացանցում հայտնված մի լուսանկար Հայաստանում դարձավ բավականին բուռն քննարկումների, նույնիսկ աշխարհաքաղաքական և աշխարհացունց վերլուծությունների ու մեկնաբանությունների պատճառ կամ առիթ: Խոսքը Դուշանբեում ԱՊՀ երկրների Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած ճաշկերույթի սեղանի լուսանկարի մասին է, որի շուրջ նստած են ԱՊՀ երկրների ղեկավարները: Լուսանկարում երևում էր, որ Նիկոլ Փաշինյանը նստած է սեղանի գլխին, ընդհանուր շարքից առանձին, ինչն էլ դարձել էր նրա «մեկուսացվածության» կամ «օտարվածության» մասին գնահատականների առիթ:
 
Այդ կապակցությամբ բացատրություն տարածեց նույնիսկ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով, որ այբբենական կարգով նստելու առումով եղել է բարդություն, քանի որ կա ռուսերեն տարբերակով «Ա»-ով սկսվող երկու երկիր և խնդիր, թե ում պետք է տրվի առաջինը լինելու հնարավորությունը: Եվ առավել ևս, որ երկրները Հայաստանն ու Ադրբեջանն են, որոշվել է հրաժարվել այբբենական շարքից և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին նստեցնել սեղանի գլխին, պարզապես Ալիևը մոտեցել է ավելի ուշ:
 
Ինչ է կատարվել իրականում, անշուշտ, բավականին բարդ է հասկանալ: Ըստ ամենայնի, իրավիճակը համարժեք է բաժակը կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ լինելուն՝ նայած, թե ով ինչպես է հակված ներկայացնել լուսանկարն ու իրավիճակը ընդհանրապես: Մի բան պարզ է, որ անշուշտ, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները Եվրասիական տարածության համար օտար են, չեն տեղավորվում էլիտաների ընկալումների և արժեքային համակարգերի ծիրում: Եվ ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանն այդ առումով դեռևս երկար ժամանակ դուրս է մնալու ընդհանուր պատկերից:
 
Մյուս կողմից, սակայն, արդյո՞ք դա խնդիր է, կամ արդյո՞ք դա պետք է դարձնել Հայաստանում խնդիր, հանրությանը տրամադրել դրան որպես խնդրի առկայություն, առաջ բերել մտահոգություն, կառուցել մինչև անգամ ապոկալիպտիկ սցենարներ, որոնց տողատակում կամ համատեքստում, այսպես թե այնպես, մի միտք է՝ այսինչ արեցինք մենք: Դժվար չէ, իհարկե, ասել, թե հատկապես հայաստանյան ինչ շրջանակներ կարող են շահագրգռված լինել այդպիսի մատուցումներում, հանրությանն իր իսկ արածի հանդեպ վախ ներշնչելուն: Վերջին հաշվով, թավշյա հեղափոխության առանցքային ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ հասարակությունը դադարեց վախենալ, սկսեց հավատալ ինքն իր ուժին, սկսեց լինել ինքնավստահ: Դա թերևս ամենասարսափելին է, որ կարող էր լինել նախկին համակարգի համար, քան նույնիսկ իշխանության կորուստը: Որովհետև այդ համակարգը իշխում էր արդեն մարդկային բնազդների վրա, կառավարում էր մարդկային վախերը մանիպուլյացիայի ենթարկելով:
 
Ահա այդ առումով, հասկանալի է, թե որտեղ կարող է լինել վախեր արթնացնելու, հասարակությանն իր իսկ ձեռքբերումից վախեցնելու շահագրգռությունը: Այդ շահառուները օգտագործելու են ցանկացած առիթ, անգամ լուսանկարները, հանրությանը վախեցնելու համար: Հատկապես այժմ, երբ թավշյա հեղափոխության գործընթացը մոտենում է իր՝ այսպես ասած, եզրագծին, և դրվում է խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը: Միևնույն ժամանակ, հանրությանը վախեցնելու այդօրինակ փորձերն ու արդեն նույնիսկ լուսանկարներից կառչելը իր հերթին վկայում է այդ մարդկանց վախի աստիճանը:
 
Այո՛, Հայաստանն արել է մի բան, որը գուցե սարսափելի է եվրասիական միջավայրում իշխող էլիտաների համար: Բայց դա Հայաստանի ուժն է, որը պետք է ոչ թե վախի վերածել, այլ վերածել քաղաքական արդյունքի: Եվ թերևս հենց դա է մտահոգում Հայաստանում իշխանությունից հեռացված «էլիտային», որ այդ արդյունքը, այդուհանդերձ, քայլ առ քայլ ստացվում է, չեն իրականանում թե՛ հայ-ռուսական, թե՛ որևէ այլ ուղղությամբ վախճանաբանական կանխատեսումները, և ոչ միայն չեն իրականանում, այլ նաև քայլ առ քայլ նկատելի է հարաբերությունների նոր ճարտարապետության ձևավորումը, մշակումն ու իրականացումը, որն աշխատանքային գործընթաց է իր վայրիվերումներով:
 
Գործնականում, ԱՊՀ Վեհաժողովի լուսանկարում Հայաստանի նախորդ համակարգը ենթագիտակցորեն տեսել է իր մեկուսացումը, և աղմուկը այդ կապակցությամբ է:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի