Պատերազմը հետաձգվում է. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն
 
Փաշինյանը հայ հանրությանը որոշ մանրամասներ է ներկայացրել իր՝ Դուշանբե կատարած այցից՝ մասնավորապես կենտրոնանալով իր ու Ալիևի միջև կայացած հայտնի երկխոսության վրա: «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ՊՆ-ներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ: Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-հայտարարել է Փաշինյանը:
 
Ի դեպ՝ Փաշինյան-Ալիև զրույցի մասին հաղորդագրություն է տարածել Ալիևի աշխատակազմը: Այնտեղ նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին. կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ:
 
Իր հերթին կանխատեսելի բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ՄԱԿ-ի ԳՎ-ում հայտարարելով. «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայ ժողովրդին տրված՝ Հայաստանը տնտեսապես զարգացած ու բարգավաճ պետություն դարձնելու իր խոստումն անիրագործելի է առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների և հարևանների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի: Ադրբեջանն անկեղծ ենթադրում է, որ խաղաղությունը, կայունությունն ու փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությունը չունեն համարժեքներ»: Մամեդյարովը միաժամանակ  կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Երևանն իրագործի ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի իրագործումը:
 
Այս ամենին զուգահեռ բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. մանրամասնելով իր ու Պուտինի միջև կայացած երկխոսության որոշ դրվագներ՝ հատարարել է. «Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի գործոնները: Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպենք ու քանդենք այդ գորդյան հանգույցները»:
 
Այսպիսով՝ պետք է արձանագրել երկու հանգամանք. առաջին՝ Փաշինյան–Ալիև երկխոսության արդյուքնում, իհարկե, ոչ առանց Մոսկվայի ուղղակի կամ անուղղակի ջանքերի շնորհիվ, Դուշանբեում ձեռք է բերվել ջենտլմենական պայմանավորվածություն՝  չսրելու առանց այն էլ լարված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում, ձեռնպահ մնալու սադրանքներից, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ եթե կա նույնիսկ ձևական ցանկություն՝ խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծելու, նախ պետք է դրա համար ստեղծվեն գոնե նվազագույն պայմաններ: Կարծում ենք՝ այս դրվագում հայկական կողմի հաղթանակն ակնառու է. Փաշինյանին հաջողվել է Ալիևին իրականություն վերադարձնել ու գոնե ինչ-որ բանի վերաբերյալ պայմանավորվել՝ փաստացի կանխելով խատերազմի բռնկումը:
 
Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է արձանագրել, այն է, որ Փաշինյան-Ալիև համաձայնությունը, որը փաստացի կայացվել է Պուտինի հովանու ներքո, չպետք է գերագնահատել. ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն փոխել միմյանց հակասող  դիրքորոշումներն, ինչը նշանակում է, որ  իրական առաջընթացի հույս ունենալը գոնե հիմա՝ ներկա իրավիճակում, անիմաստ է: Ինչ խոսք՝ սա գիտակցում են ոչ միայն Երևանն ու Բաքուն, այլև Մոսկվայում, որի գերխնդիրն այժմ մեկն է՝ հետաձգել պատերազմն ու այդ ընթացքում հասնել մի կողմից՝ Անդրկովկասում ՌԴ բացարձակ հեգեմոնիայի վերականգնմանը,մյուս կողմից լուծել սեփական խնդիրները Մերձավոր Արևելքում: Այժմ Մոսկվային անհրաժեշտ է Անդրկովկասում պատերազմի բացառում, ու Կրեմլն ակնհայտորեն գոնե միառժամանակ կարողացել է լուծել խնդիրը՝ միաժամանակ Լուկաշենկոյի միջոցով խոստովանելով, որ արցախյան խնդրի լուծումն այսպես թե այնպես անհրաժեշտ է լինելու գտնել՝ առնվազն ելնելով գլոբալ անվտանգությանն առնչվող սրացող խնդրիներին լուծում տալու անհրաժեշտությունից:
 
Միառժամանակ առաջ ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում էր այն կարծիքը, որ հոկտեմբերին  պատերազմ է լինելու, ու որևիցե կերպ հնարավոր չի լինելու խուսափել մեծ պայթյունից: Պետք է խոստովանել, որ վերջին իրադարձությունները, որոնք ակնհայտորեն  աչքի են ընկնում խաղաղասիրական դիմագծերով, գալիս են վկայելու այն մասին, որ առնվազն այս տարի պատերազմի բռնկման հավանականությունը գրեթե զրոյական է, ու եթե ինչ-որ բան էլ լինի, ապա կլինի հաջորդ տավա ընթացքում, երբ առնվազը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն իսկապես կկայունանա ու հեղափոխությունը կսահմանադրականացվի, ինչպես նաև Իրանի շուրջ ընթացող գործընթացները կսկսեն կրել առավել թափանցիկ բնույթ:
 
Կասկած չկա, սակայն, որ աշնանային պատերազմը, որը չափազանց իրատեսական էր թվում, հնարավոր է եղել չեղարկել նաև մեծապես հայաստանյան վերջին իրադարձությունների շնորհիվ. հեղափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն է ունեցել երկրի ներքին կյանքում, այլև, որ ոչ պակաս կարևոր է, արցախյան հակամարտության կարգավոման գործընթացի վրա նույնպես դրականորեն է անդրադարձել:
Աղբյուրը՝ Norlur.am