Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
 Ժամը 01:40-ի սահմաններում Lexus մակնիշի 35 RX 380 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, և առաջ ընթանալով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: 
 

 
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: 
 

 
 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 
 

 
 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետ Արմեն Իսկանդարյան գլխավորությամբ: 
 
 
 Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանն ու հետաքննիչ Հակոբ Սողոյանը: 
 
 
 Մինչ հետաքննիչները վթարի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է, ինչի համար էլ դեպքի վայր ժամանեցին Հայստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսրաելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ. Քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 
 
 
 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ եւս մեկ վիրավոր կա, և այդ տեղեկությունը իրավապահները նույնպես պարզում են: 
 
 
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի