Խոշոր ավտովթար Երևանում. 57-ամյա վարորդը Թբիլիսյան խճուղում Skoda մակնիշի տաքսիով բախվել է հսկայական քարերին և գլխիվայր շրջվել. վարորդին տեղափոխել են հիվադանոց. 
 
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 
 
Ժամը 09:50-ի սահմաններում, Աբովյան փողոցի բնակիչ, 57-ամյա Արամ Պետրոսյանը իր վարած Skoda մակնիշի 889 OC 61 համարանիշի մեքենայով, Թբիլիսյան խճուղում, «Ռադիոկայմի» հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման էլեյտրասյանն ու գլխիվայր շրջվել: 

 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: 
 
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը: 

 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: 
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավաևման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվելիս վարորդը հայտնել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան վթարային իավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի, և գրանցված է «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի