«Բա ո՞ւր մնացին ձեր «սիրո եւ հանդուրժողականության» լոզունգները». Իրինա Քոչարյան
 
«Սիրո եւ հանդուրժողականության» վանկարկումների ներքո` Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակը վերածվեց ատելության հեղափոխության: Այս մասին բարձրաձայնում են շատերը, իսկ մթնոլորտը դրանից չի փոխվում: Սա նոր Հայաստանն է, ու թերեւս վերջը... Ասվածն ամենեւին էլ չափազանցություն չէ, այլ փաստերն են աղաղակում այդ մասին: Ի դեպ, հենց փաստերն են, որ մեր օրերում տեղ չունեն լայն շրջանակների բանականության ու տրամաբանության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին զուգահեռ` այսպես ասած, նոր Հայաստանում արշավ սկսվեց ողջ Քոչարյան ընտանիքի հանդեպ, որից անմասն չմնաց նաեւ նրա եղբոր դուստրը` ԻՐԻՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ում հետ էլ «Իրավունքը» զրուցեց ստեղծված իրավիճակի մասին:
 
 Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր դեմ հայց ներկայացնելու մասին
«ԱՆԻԾՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼ».
 
– Տիկին Քոչարյան, ի՞նչ կասեք այն արշավի մասին, որն այս օրերին իրականացվում է Ձեր եւ առհասարակ` ողջ Քոչարյան ընտանիքի դեմ` սկսած բամբասանքներից մինչեւ սպառնալիքներ:
 
 
– Իսկապես, սկսվեց դաժան, ցինիկ, աննախադեպ, նպատակաուղղված հալածանք Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ: Ընդ որում` չեն խորշում ոչնչից` այն ոչ միայն դրսեւորվում է տարատեսակ ապատեղեկատվությամբ եւ սուտ բամբասանքներով, ոչ միայն մանիպուլյացիայի են ենթարկում անտեղյակ մարդկանց, այլ անիծում են ու սպառնում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:
Իսկ ֆանտասմագորիկ բամբասանքները ոչ միայն հորեղբորս մասին են, այլ նաեւ իմ մասին անձնապես, երբեմն նույնիսկ զարմացնում են իրենց երեւակայությամբ: Մեր շուրջն ինչքա՜ն «բանիմաց» մարդիկ կան: Երբեմն նույնիսկ ցանկություն է առաջանում հարցնել` «Ինչպե՞ս է ԻՄ գործերը» եւ «Ի՞նչ նորություն կա ԻՄ մոտ»: Պարզվեց, որ եթե դուք չեք հրապարակայնացնում ձեր անձնական կյանքը, ապա հետաքրքրասեր մարդիկ այնտեղ լցնում են, պարզապես, անհավանական քանակի կրեատիվ: Գիտեք, ես եկել եմ այն եզրակացության, որ բամբասանքները վտանգավոր են հենց դրանք տարածողների առողջության համար, հատկապես հոգեկան առողջության:
Ասում են` բամբասանքների ազդեցության ուժը ուղղակիորեն պրոպորցիոնալ է զանգվածների անգրագիտությանը: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ նույնիսկ մեր շարքերում գտնվող ամենակրթվածներն անգամ զարմանալի հեշտությամբ ընկնում են տիրող մթնոլորտի ազդեցության տակ եւ պատրաստ են անանուն ֆեյքերի եւ փորձառու մանիպուլյատորների ճնշման ներքո` կուրորեն շարժվել որտեղ պատահի: Մի ասացվածք կա` «Սատանան ունի՞ իր ռադիոն: Այո, այն բամբասանքն է»` Մի կողմից ցավում եմ այդ մարդկանց համար, որոնք ընկել են մանիպուլյատորների ծուղակի մեջ, որովհետեւ մարդիկ սկսում են անձնապես բամբասանքներ տարածել այն ժամանակ, երբ չգիտեն իրականությունը: Ամեն դեպքում, ուզում եմ, որ մարդիկ վերադարձնեն իրենց առողջ բանականությունը եւ հավատան բացառապես փաստերին: Իհարկե, այս ամենը կենսամակարդակից ունեցած դժգոհությունների, տեղեկատվության բլոկադայի, մանիպուլյատիվ, ծախված ԶԼՄ-ների հետեւանքով է: Մարդը, եթե հոգեպես առողջ է, երբեք ինքնակամ չի ցանկանա ինչ-որ մեկի վատը, անհեթեթ խոսակցություններ չի տարածի եւ չի փորձի ինչ-որ մարդկանց միջեւ կռիվ գցել: Մյուս կողմից, ցավոք, չարախոսությունը, նույնիսկ առանց ապացույցների, միշտ թողնում է իր հետքերը: Սիրելի փաստարկն այդ մանիպուլյատորների եւ նրանց, ովքեր հավատում են դրանց, հետեւյալն է` բոլորը գիտեն այդ մասին: Մինչդեռ խաբվածները չեն դադարում խաբված լինել նրանից, որ մեծամասնությունը կիսում է այս խաբեբայությունը: Եվ այս ամենի դեմ պայքարել անհավանական բարդ է: Մարդիկ ուղղակի չեն ցանկանում լսել ճշմարտությունը: Զրպարտությունն ու բամբասանքն արդեն նրանց քչություն է անում, արդեն ուղիղ սպառնում են` եթե չենք լռելու` կամ բանտ, կամ գերեզման, երրորդ տարբերակ չկա: Բա ո՞ւր մնացին ձեր «սիրո եւ հանդուրժողականության» լոզունգները:
 
 Ինչ գործառույթ է վերապահված զինված խմբավորումից կուսակցության կերպարանափոխվածներին
 
«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՄ ՄԵՋ ՀՈՍՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ»
 
– Ի դեպ, սոցցանցերում Ձեզ թիրախավորած ֆեյքերն ու ընդդիմախոսներից շատերն անգամ չգիտեն, որ Դուք ոչ թե Ռ` Քոչարյանի դուստրն եք, այլ նրա հերոս եղբոր դուստրը: Չե՞ք կարծում, որ բարոյական ու արժեհամակարգային անկում է, երբ մեր երկրում հոգեբանական տեռորի են ենթարկվում անգամ հերոսների զավակները:
 
– Առաջին իսկ ժամերից, երբ կալանավորեցին հորեղբորս, ես զբաղեցրի ակտիվ դիրք սոցցանցերում: Ես նույնիսկ շատերին ոգեշնչեցի իմ օրինակով: Իսկ ֆեյքերի բանակը, նույնիսկ առանց հասկանալու ով եմ ես, ուրախ հրաձգությամբ շտապեցին կատարել «ֆաս» հրամանը: Ի՞նչ է կատարվում մարդկանց հետ: Ականջի ծայրով լսել են: Աչքի պոչով տեսել են: Իսկ մնացածն արդեն հորինում են իրենց երեւակայության սահմաններում: Ես Վալերի Քոչարյանի դուստրն եմ` առանձնահատուկ անձնավորության եւ պատերազմի իսկական հերոսի: Եվ ես հպարտ եմ, որ իմ մեջ հոսում է Քոչարյանների արյունը: Եվ եթե այս հալածանքի կազմակերպիչները կարծում են, որ կարող են այս տարբերակով կոտրել մեր ոգին, ապա չարաչար սխալվում են: Ինչ վերաբերում է արժեքային համակարգի եւ բարոյական նորմերի արժեզրկմանը, ձեզ հետ լիովին համաձայն եմ: Անհարգալից վերաբերմունքը նախնիների եւ հերոսների նկատմամբ` վայրենության ու անբարոյականության առաջին նշաններից մեկն են: Ինձ չի զարմացնում այն, ինչ տեղի է ունենում, որովհետեւ հեղափոխական շրջանում բարոյականության անկումը բնական գործընթաց է` բարոյականության եւ աղքատության անկումը հանգեցնում է հեղափոխությունների, իսկ հեղափոխությունները բերում են էլ ավելի բարոյականության անկման եւ էլ ավել մեծ աղքատության, նախեւառաջ` հոգեւոր աղքատության: Զարմացնում է այն, թե ինչքան ցած կարող են մարդիկ իջնել: Իսկ երբ բարոյականն ու անբարոյականը մտնում են պայքարի մեջ, անբարոյականը ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու: Մանիպուլյացվող զանգվածը պետք է հասկանա մի բան` բավարար է որոշել ձեր բարոյականության սահմանը միայն նրանով, թե որքանով եք հավատարիմ ձեր համոզմունքներին: Պետք է նաեւ անընդհատ ինքդ քեզ հարց տաս` իսկ ճի՞շտ են իմ համոզմունքները, ի՞մն են այդ համոզմունքները: Եվ եթե նույնիսկ կասկածի նշույլ կա, ուրեմն` քանի շատ ուշ չէ հեռացի՛ր վտանգից եւ մի՛ դարձիր մանիպուլյատորների զոհը եւ մի՛ գործիր անուղղելի սխալներ: Այդ մոլուցքից շատերը դուրս են եկել, վաղ, թե ուշ, կսթափվեն բոլորը, բայց որքան ուշ դա լինի, այնքան ավելի ցավոտ կլինի առողջացման գործընթացը եւ այնքան ավելի ուժեղ կլինի հիասթափության դառնությունը:
 
ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ