«Սևերը» «սպիտակեցի՞ն», թե՞ Փաշինյանն է փոշմանել
 
Այսօր ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները․ «Իմ քայլը» ստանում է 57 մանդատ, ԲՀԿ–ն՝ 5, «Լույսը»՝ 3 մանդատ։
 
Ստանում ենք բավականին հակասական պատկեր։ Մի կողմից՝ Երևանի ավագանու ընտրությունները միանգամայն օրինական էին, համենայն դեպս՝ նման ընտրություններ չէին անցկացվել առնվազն 1999-ից հետո, իսկ որոշ գնահատականներով՝ նույնիսկ 1991-ի նախագահական ընտրություններից հետո։ Ավելին՝ այս ընտրություններում ներդրվեցին արևմտյան քաղաքական մշակույթի որոշ բաղադրիչներ, երբ ընտրական կամպանիայի մյուս մասնակիցները շնորհավորեցին հաղթողին, իսկ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը նույնիսկ այցելեց «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական շտաբ՝ ցուցաբերելով քաղաքական տոլերանտության բացառիկ օրինակ։
 
Մյուս կողմից՝ միանգամայն օրինական ընտրությունների արդյունքներով ձևավորվեց քաղաքական առումով Երևանի ամենամիատարր ավագանին, որտեղ, ըստ էության, չկան հակակշռի մեխանիզմներ, ընդդիմությունը չի ունենալու անգամ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն, էլ չենք ասում այն մասին, որ գործնականում անհնար է դառնում քաղաքային գործադիր իշխանության գործունեության վերահսկողությունը, որը նվազագույնը պահանջում է մարդկային ավելի մեծ ռեսուրսների առկայություն։
 
Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ եթե իրենց կողմից քարոզարշավի ընթացքում օրակարգ չբերվեր քաղաքական ինտրիգ, որը կապված է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հետ, կառավարամետ դաշինքի ձայները հնարավոր է շատ ավելի քիչ լինեին։ Իհարկե, կառավարության ջատագովները կշտապեն պնդել, որ Երևանի ընտրությունների տրանսֆորմացիան արտահերթ ընտրությունների անցկացման հարցով հանրաքվեի, կամ նույնիսկ՝ «սպիտակների» ու «սևերի» հակադրության, արդարացված է հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի անհրաժեշտությամբ։ Անշուշտ, անվիճելի է, որ առանց խոհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հեղափոխության հաղթանակն ամբողջական չի լինելու։
 
Սա կասկածից դուրս է, մյուս կողմից՝ անվիճելի է, որ հեղափոխությունը բովանդակային հարթության վրա տուժում է կամ նույնիսկ էապես «խմբագրվում» է, երբ ընտրությունների ճանապարհով չի հաստատվում քաղաքական բազմազանության ինստիտուտը։ Եթե այն չլինի, չկա որևէ երաշխիք, որ օրինական ընտրությունների մոդելի ներդրումն անշրջելի է՝ դարձած ինստիտուցիոնալիզված իրողություն։
 
Մյուս կողմից՝ անընդունելի է ընտրությունների ֆունկցիոնալ նշանակության ձևախեղումը։ Ի վերջո, լեգիտիմ ընտրությունները պետք է առաջին հերթին սպասարկեն կառավարման որակյալ համակարգի ձևավորմանը։ Այս տեսանկյունից՝ վարչապետն անուղղակիորեն խոստովանում է, որ մունիցիպալ ընտրությունները, Երևանի արդյունավետ կառավարման հրամայականը ծառայեցվել են քաղաքական այլ օրակարգի, որին կարելի էր հասնել հրապարակային լեգալ քաղաքականության այլ գործիքներով։ Ի վերջո, եթե քաղաքային ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստանար քվեների 65%-ը, դա ամենևին էլ չէր խանգարի Փաշինյանին՝ որպես երևանցիների մեծամասնության քվեի կրող, ամրապնդել իր դիրքերը խորհրդարանական ուժերի հետ հնարավոր բանակցություններում։
 
Սակայն ամենամտահոգիչն այն է, որ հասարակությանը «սևի» ու «սպիտակի» երկընտրանքի առաջ կանգնեցնելով՝ անկասելի հարված հասցվեց մունիցիպալիտետի վերակենդանացման իրական հնարավորությանը։ Եթե, օրինակ, մեկ կամ երկու տարի հետո գործող կառավարության վարկանիշն անկում ապրի, Հայկ Մարությանի քաղաքային իշխանությունը հայտնվում է ապալեգիտիմացման եզրին, որովհետև Երևանի ավագանու օրինակարգության միակ աղբյուրը գործող վարչապետի բարձր վարկանիշն է։
 
Երևանի ընտրությունները հեղափոխության օրակարգը սպասարկեցին մասնակիորեն՝ նպաստելով օրինական ընտրությունների մոդելի ներդրմանը, սակայն նաև ծնեցին քաղաքական մենաշնորհի առաջացման ռիսկեր, ընդդիմության չգոյության վտանգներ՝ բովանդակային առումով վտանգելով նոր Հայաստանի հիմքում ընկած արժեքային համակարգը։
 
Տարակուսելի է, որ այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտություն չի տեսել, որպեսզի ժամանակավոր կառավարության մյուս ուժերն այս պահին հրաժարվեն նախարարական աթոռներից, մյուս կողմից՝ հստակ ակնարկելով, որ իր վարչապետության համար պարտական չէ խորհրդարանական ուժերից որևէ մեկին։
 
Քաղաքական ոչ մի տրամաբանությամբ չի կարող արդարացվել հակահեղափոխական հռչակված ուժերի ներկայացուցիչների ներկայությունը նույնիսկ ժամանակավոր կառավարությունում, եթե, իհարկե, Փաշինյանը երևանյան ընտրությունների քարոզարշավի ժամանակ չի դիմել քարոզչական մանիպուլյացիայի։ Այլ խոսքով՝ եթե ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունները, «Լույս» դաշինքը ներկայացնող նախարարները «սև» են, ապա տրամաբանական չէ նրանց ներկայությունը կառավարությունում, հակառակ պարագայում՝ ստիպված ենք արձանագրել, որ նրանք Երևանի ընտրություններում արհեստականորեն են «սևացվել»՝ իշխանության նկատմամբ հեղափոխության հարթակի տոտալ վերահսկողության հաստատման ցանկությունների համատեքստում։
 
Հեղափոխութունը կոչված է Հայաստանում վերականգնել քաղաքականությունն՝ այն վերջնականապես արժեզրկելու փոխարեն։ Պոպուլիստական կարգախոսները կարճաժամկետ էֆեկտ ունեն և չեն կարող փոխարինել քաղաքականությանը։ Եթե Երևանի ընտրություններում պարտված ուժերը չեն ուզում խորհրդարանական ընտրությունները դառնան իրենց վերջնական ֆիասկոյի հանգրվանը, ապա իրենք պետք է սահմանազատվեն կառավարությունից՝ սեփական օրակարգով քաղաքական կյանքը մրցակցային դարձնելու նպատակով։ Քաղաքական ուժերն իրավունք չունեն հասարակությունից պահանջել իմաստավորված ընտրություն, եթե իրենք չեն կարողացել հստակեցնել իրենց տեղը քաղաքական համակարգում:
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի