Առեղծվածային և ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Ոսկեհատ գյուղում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով. հայտնաբերվել է նաև «Բայկալ» տեսակի ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
 
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, ժողովրդին հայտնի՝ գոմերի մոտ երիտասարդ տղայի դի կա: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
 
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղաշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: 
 
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են մոտ 21 տարեկան երիտասարդի դի՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: 
 
Դիակի մոտ հայտնաբերվել է «Բայկալ» տեսակի ատրճանակ: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սամվել Տոնոյանը: 
 
Հաշվի առնելով դեպքի հանգամանքները, օպերատիվորեն ժամանել են նաև Արմավիրի մարզի դատախազության ծառայողները՝ դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ: 
 
Ճանապարհային ոստիկանները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: 
 
Դեպքի հանգամանքները պարզվում են: 
 
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է:  
 
Ոստիկաններն ու քննիչները պարզեցին, որ մահացածը Էջմիածին քաղաքի բնակիչ, 22-ամյա Հ. Հակոբյանն էր: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյան