«Ես չեմ ասել՝ մորթիլ տեմ, սպանիլ տեմ…». Վանաձորում 45-ամյա տղամարդը դանակահարել է փեսային. 
45-ամյա Արայիկ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 1-ին մասով:
 
Տուժող Վարդան Ա.-ն (անունը փոխված է) Արայիկ Մ.-ի դստեր նախկին ամուսինն է: 2017 թվականի փետրվարի 24-ից Վարդան Ա.-ն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արայիկ Մ.-ի դստեր՝ Լենայի (անունը փոխված է) հետ:
 
2017 թվականի հունիսի 27-ին նրանց ամուսնությունը գրանցվել է, բայց անհաշտ հարաբերությունների պատճառով նրանք մայիսի վերջից արդեն դադարել էին միասին ապրելուց:
 
Մինչև վերջնական բաժանվելը Վարդանն ու Լենան հաճախ են վիճաբանել ու հաշտվել: Վարդանին ասեկոսեներ են հասցրել Լենայի վերաբերյալ, Վարդանը փորձել է ճշտել դրանք, Լենան ամեն բան ժխտել է:
 
Արայիկ Մ.-ն Վարդանի հետ հանդիպումների ժամանակ հորդորել է կա՛մ հաշտ ապրել դստեր հետ կա՛մ նրան այլևս չանհանգստացնել: Արայիկ Մ.-ի ու Վարդանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել:
 
2017 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 14-ի սահմաններում Վարդան Ա.-ն Վանաձորում հանդիպել է Լենային, առաջարկել է խոսել իրենց հարաբերությունների վերաբերյալ, բայց Լենան չի ցանկացել: Նա զանգել ու կանչել է մորը: Վերջինիս գալուց հետո Վարդանը մեքենայով հեռացել է:
 
Կինը Արայիկ Մ.-ին տեղեկացրել է, որ Վարդանը եկել ու իրենց դստերը նորից անհանգստացնում էր: Վարդանի՝ իր դստեր հանդեպ դրսևորած վերաբերմունքից զայրացած՝ Արայիկ Մ.-ն «ՎԱԶ- 2107» մեքենայով գյուղից ուղևորվել է Վանաձոր:
 
Ճանապարհին նա պատահաբար հանդիպել է Վարդանի մեքենային, որ ընթանում էր հանդիպակաց ուղղությամբ: Արայիկն իջել է մեքենայից, փորձել է կանգնեցնել Վարդանի մեքենան, բայց Վարդանը մեքենան վարել-հեռացել է «Եդեմ» ռեստորանի բակ:
 
Ըստ մեղադրանքի՝ Արայիկը գնացել է նրա հետևից: Ռեստորանի բակում նա հարձակվել է մեքենայում գտնվող Վարդանի վրա, դանակով հարվածել է նրա մեքենայի՝ վարորդի կողմի պատուհանի ապակուն: Երբ Վարդանը մեքենան վարելով՝ ցանկացել է հեռանալ, ըստ մեղադրանքի՝ Արայիկը դանակով հասցրել է հարվածել նրա մեքենայի տանիքին, դանակը մնացել է մեքենայի տանիքին խրված:
 
Արայիկ Մ.-ն հետապնդել է Վարդանին: Վերջինս իր նկատմամբ ոտնձգությունից խուսափելու նպատակով մեքենայով հասել է Վանաձորի ոստիկանության՝ Տարոնի բաժնի մոտ:
 
Արայիկ Մ.-ն հասել է Վարդանի մեքենային, տանիքին խրված դանակը հանել է, մոտեցել է մեքենայից դուրս եկած Վարդանին ու, ըստ մեղադրանքի, ասելով՝ մորթիլ տեմ, փորձել է դանակով հարվածել Վարդանի սրտի շրջանին, բայց Վարդանը «մասամբ խուսափել է հարվածից, դանակը դիպել է նրա ձախ բազկին ու պատճառել միջանցիկ ծակած-կտրած վերք: Այնուհետև Արայիկ Մ.-ն նույն դանակով շարունակել է հարվածներ հասցնել Վարդանին ու նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս…»:
 
Ըստ մեղադրանքի՝ Արայիկ Մ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ոստիկանության ծառայողների գործողությունների շնորհիվ, չի կարողացել ավարտին հասցնել Վարդան Ա.-ին սպանելու՝ իր դիտավորությունը: Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել:
 
Արայիկ Մ.-ն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, պնդել է, թե ինքը Վարդան Ա.-ին սպանելու մտադրություն չի ունեցել: Ինքը նրան մի քանի անգամ զգուշացրել էր, բայց նա շարունակել էր իրեն վատ պահել, այդ պատճառով ինքը զայրացել էր:
 
Արայիկ Մ.-ն հայտնել է, թե զբաղվում է անասունների մորթով, իր մոտ մշտապես դանակ է լինում աշխատանքի բերումով: Ինքը դանակին շատ լավ է տիրապետում, եթե նպատակ ունենար Վարդանին սպանելու, կարող էր ցանկացած վնասվածք նրան պատճառել… Կարող էր նրան սպանել դեռ «Եդեմ» ռեստորանի բակում…
 
Արայիկ Մ.-ն նշել է, որ դեպքից երկու օր առաջ իրենց շենքի մոտ հանդիպել է Վարդանին, նա իրեն խաբել է, թե ընկերոջ մոտ է եկել, բայց իրականում իր դստեր հետևից էր եկել: Ինքը նրան զգուշացրել է, որ Լենայից հեռու մնա: Ինքը մի անգամ էլ է հանդիպել Վարդանին, պայմանավորվել են, որ նա Լենային հանգիստ կթողնի, ամեն մեկը կգնա իր ճանապարհով: Վարդանը խոստացել է Լենայի հետ առնչություն չունենալ:
 
Իր դստեր ու Վարդանի հարաբերությունները սկզբից էլ փոփոխական էին՝ մեկ լավ, մեկ վատ:  Նրանք 7-8 ամիս ամուսնացած են եղել,  բայց նույն հարկի տակ շատ քիչ են ապրել: Ինքը յուրաքանչյուր վիճաբանությունից հետո հանդիպել է Վարդանին, նա խոստանում էր, թե ամեն բան լավ է լինելու, վեճերը չեն կրկնվելու, տեղափոխվելու են նոր բնակարան, բայց ոչ մի խոստումը չի կատարել:
 
Դեպքի օրն իր կինն է ասել, որ Վարդանը նորից անհանգստացրել է իրենց աղջկան: Ինքը ցանկացել է պարզապես խոսել Վարդանի հետ ու պարզել, թե ինչու է նա շարունակում անհանգստացնել Լենային… Նա մեքենան չի կանգնեցրել, ինքը չի կարողացել նրա հետ խոսել:
 
Ռեստորանի բակում դանակը սկզբում իր ձեռքին չի եղել, ինքը հետո է վերցրել այն, երբ Վարդանը մեքենան քշել ու ցանկացել է հեռանալ: Այդ ժամանակ դանակը հանել է մեքենայի միջից ու հարվածել է Վարդանի մեքենայի տանիքին:
 
Ռեստորանի բակում Վարդանը մեքենան հետընթաց է վարել, հետո շրջադարձ է կատարել: Ինքը տեսել , որ նա չի կանգնում՝ դանակով հարվածել է մեքենային: Եթե Վարդանին սպանելու դիտավորություն ունենար, մեքենայով կփակեր նրա մեքենայի ճանապարհը, իր անելիքը կաներ:
 
Ոստիկանության բաժնի մոտ ինքը մեքենան կայանել է Վարդանի մեքենայի հետևի մասում: Վարդանն իջել է մեքենայից, գնացել է դեպի ոստիկանության բաժնի աստիճանները ու ասել է՝ ձերբակալեք իրան: Ինքը ավելի է զայրացել ու վախեցնելու նպատակով հարվածել է նրա թևին: Հարվածելու պահին իրեն ոչ ոք չէր խանգարում, ոչ ոք իրեն չէր բռնել, ինքը կարող էր հարվածել Վարդանի որովայնին կամ սրտին: Եթե Վարդանը չասեր՝ ձերբակալեք իրան, այլ մտներ բաժին, ինքը դանակ չէր գործադրի: Բայց ինքնասիրության հարց է եղել, ինքը խոսքի մեջ ասել է. «Ով իմ ինքնասիրությանը կպնի, ձեռիցս չի պրծնի»:
 
Ինքը հարվածել է Վարդանի թևին ու մեջքին՝ մի քանի անգամ, բայց չի ասել՝ մորթիլ տեմ, սպանիլ տեմ… Հետո ոստիկանները բռնել են իրեն: Նրանք միջամտել են, երբ ինքը դադարեցրել էր հարվածելը: Երբ ոստիկանները բռնել են իր թևերը, դանակը վայր է ընկել:
 
Ինքը դանակով հարվածել է Վարդանին, որ վախեցնի, ցանկացել է ստիպել, որ նա իր աղջկանից հեռու մնա…
 
Նախորդ հանդիպումների ժամանակ ինքը Վարդանի հետ միշտ «մարդկային ձևով» է խոսել՝ չի բացառել, որ նա ու Լենան կարող են հաշտվել…
 
Տուժող Վարդան Ա.-ն աշխատել է իրավապահ կառույցներից մեկում: Նա հայտնել է, որ Լենայի հետ խնդիրներ են առաջացել նրա հետ համատեղ բնակվելուց մեկ ամիս անց: Հաճախ են վիճել, բայց միշտ եկել են ընդհանուր հայտարարի ու հաշտվել են: Իսկ 2017 թվականի օգոստոսին հերթական վեճից հետո Լենան հեռացել է, գնացել է գյուղ՝ պապուտատի մոտ: Ինքը նրան զանգել է, ցանկացել է հաշտվել: Լենայի հոր՝ Արայիկի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, նրան ասել է, թե ամեն ինչ լավ է լինելու, ինքը ցանկացել է Լենայի հետ տեղափոխվել Երևան: Բայց հետո Արայիկ Մ.-ն առաջարկել է ընդհանրապես հրաժարվել Լենայից , հեռու մնալ: Ինքն էլ խոստացել է…
 
Տուժողը նշել է, թե դեպքի օրը Արայիկին տեսնելով՝ մեքենան չի կանգնեցրել՝ իմանալով Արայիկի տաքարյուն լինելը:
 
Դատարանը գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված չի համարել, որ դեպքի օրը Արայիկ Մ.-ն գյուղից Վանաձոր էր ժամանել Վարդանից վրեժխնդիր լինելու նպատակով, ապա պատահաբար հանդիպելով ճանապարհին՝ հենց նրան սպանելու դիտավորությամբ էր կանգնեցրել նրա մեքենան:
 
Դատարանը հաստատված չի համարել, որ դանակով Վարդանին հարվածելու պահին՝ ոստիկանության բաժնի բակում, Արայիկ Մ.-ն ասել է՝ մորթիլ տեմ: Միջամտած ոստիկանները նման արտահայտություն լսելու վերաբերյալ ցուցմունք չեն տվել:
 
Ընդհանուր առմամբ դատարանը հաստատված չի գնահատել, որ  Արայիկ Մ.-ն ունեցել է Վարդան Ա.-ին կյանքից զրկելու ուղղակի դիտավորություն:
 
Տուժողը Արայիկ Մ.-ի գործողությունների արդյունքում ստացել է միջին ծանրության վնասվածքներ, որոնք նրա կյանքի համար  վտանգավոր  չեն եղել: Տուժողը ակտիվ դիմադրություն ցույց չի տվել, իսկ այն, որ ոստիկանները կանխել են Արայիկ Մ.-ի հետագա գործողությունները, ըստ դատարանի եզրահանգման՝ բավարար չէ հետևություն անելու համար, թե ամբաստանյալը տուժողին սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել ու այդ դիտավորությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված…
 
Մինչև ոստիկանների միջամտելը Արայիկ Մ.-ն տուժողին մի քանի հարված է հասցրել դանակով, այդ ժամանակ նրան ոչ ոք չի խանգարել: Ոստիկանները հայտնել են, թե չեն բացառում, որ երբ Արայիկ Մ.-ին բռնել են, նա արդեն դադարեցրել էր հարվածներ հասցնելը…
 
Դատարանը վերաորակել է Արայիկ Մ.-ի կատարած արարքը, սպանության փորձից այն որակել է որպես տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:
 
Դատարանը փաստել է, որ տուժող Վարդան Ա.-ն դատարանում հայտնել է, թե հաշտվել է Արայիկ Մ.-ի հետ, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության, նրա դեմ բողոք, պահանջ չունի:
 
Տուժողի հետ հաշտվելու մասին հայտարարել է նաև ամբաստանյալ Արայիկ Մ.-ն: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով մեղադրանքի դեպքում կողմերի հաշտությունը հիմք է՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար…
 
Այսպիսով, դատարանը, վերաորակելով Արայիկ Մ.-ի մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել, Արայիկ Մ.-ի քրեական հետապնդումը դադարեցրել է՝  ամբաստանյալի և տուժողի հաշտության հիմքով:
 
Արայիկ Մ.-ն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում: