Լավ լուր. «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի արտոնություններն ավելացել են
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին»  ծրագրի վերաբերյալ կառավարության որոշման մանրամասներին: Վարչապետը նշել է, որ բնակարանի ձեռքբերման արտոնյալ պայմաններն ընդլայնվել են:

 
 
«Եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, հիմա այն ավելացվել է և դարձել է 70: Այս երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից, բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով` հիփոթեքային վարկի առավելագույն տոկոսադրույքը Երևանում  7.5 տոկոսեվ, իսկ մարզերում  5.5 տոկոսով:
 
Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետև որոշակի աշխուժության և բանկային մրցակցության պայմաններում տոկոսները կարող են ավելի ցածր լինել: Քիչ առաջ այս թեմայով զրուցել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ, ով ասաց, որ արդեն կան բանկեր, որոնք հայտարարել են  ավելի ցածր տոկոսով վարկերի մասին»,-  ընդգծեց վարչապետը:
 
Նվազեցվել է նաև կանխավճարի չափը, մասնավորապես՝
 
«Եթե նախկինում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը 30 տոկոս էր, հիմա հնարավորություն կա, որ կանխավճարը լինի 10 տոկոս, եթե կա երկրորդ գույքի գրավ: Եթե երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում և ծնողներից մեկի բնակարանը գրավ է դնում, հնարավորություն է ստանում 10 տոկոս կանխավճարով բնակարան ձեռք բերելու: 10 տոկոս կանխավճարը հնարավոր է նաև այն դեպքում, եթե կլինի բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Փոխվել է նաև վարկի մարման ժամկետը, մասնավորապես՝

 
 
«Նորակառույց շենքերից բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է: Վարչապետի խոսքով՝ սա աննախադեպ ժամկետ է Հայաստանի համար, քանի որ նախկինում Հայաստանում երբեք այսպիսի մարման ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել: Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ոչ նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերելու համար կգործի 20 տարվա ժամկետ: Մեր օրենսդրության և նոր որոշման մեջ կա հետևյալ դրույթը, որ առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերից այս ծրագրով և ընդհանրապես բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը: Սա նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերողների համար կարող են գործել, և, ամենայն հավանականությամբ, կգործեն անտոկոս վարկեր: Ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է, և հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր միջինից բարձր վարձատրվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: