Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը՝ վկայակոչելով Նիմի բժշկական ինստիտուտում անցկացված դիահերձման արդյունքները:
 
Ինչպես հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը, Ազնավուրը մահացել է բնական մահով՝ սրտի և շնչառական անբավարարության հետևանքով: Նա նշել է, որ ջրահեղձման վարկածը բացառվում է:
 
Երգչի մարմինը հայտնաբերվել էր իր տանը՝ սենյակի լոգարանում:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար:
 
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը: