Ազգային ժողովի պատգամավորներն արգելափակված են խորհրդարանի շենքում 
 
Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաինյանի կոչով հավաքված հազարավոր քաղաքացիներ այս պահին արգելափակել են խորհրդարանի մուտքերը։ Ինչպես տեղեկացնում է Աժ շենքում գտնվող Factor.am-ի թղթակիցը, Աժ արտահերթ նիստից հետո ՀՀԿ խմբակցության տասնյակ պատգամավորներ շարունակում են մնալ Աժ շենքում։ 
 
Թեև լրագրողների հետ զրույցում նրանք վստահեցրել են, որ չեն հեռանում, քանի որ գործեր ունեն, ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում դեմ առ դեմ դուրս գալ իրենց հասցեին վիրավորանքներ վանկարկող քաղաքացիների հետ։ 
 
Այս պահին Աժ-ում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Սարդարյանը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը, Միհրան Պողոսյանը և էլի տասնյակ ՀՀԿ-ական պատգամավորներ։ 
 
Արփինե Հովհաննիսյանը պարբերաբար դուրս է գալիս ԱԺ շենքից և լուսանկարում ԱԺ պարիսպների դիմաց հավաքված քաղաքացիներին։ 
 
Հավելենք, որ Աժ շենքում են նաև «Ծառուկյան» ու ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, որոնք այս պահին փակված են խմբակցությունների աշխատասենյակներում։ Իսկ ԱԺ դարպասների դիմաց հավաքված քաղաքացիների թիվը հետզհետե շատանում է։ Խորհրդարանի շենքում են  նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: 
 
Քիչ անց սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։