ՀՀԿ-ն մոտեցրեց արտահերթը.
 
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունները, որ գրեթե գաղտագողի խորհրդարան էին բերել և հետո արտահերթ գիշերային նիստով ընդունել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, ունեցան հակառակ էֆեկտ և արագացրին արտահերթ ընտրության պրոցեսը, թեև դրանց նպատակը հենց հակառակն էր՝ փակել արտահերթի ճանապարհը:
 
 
Հաշված ժամերի ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ Երևանից ու մարզերից հավաքվեցին Բաղրամյան փողոցում՝ այդպիսով ապահովելով երեք ուժերի նախաձեռնության լրիվ հակառակ էֆեկտը: Այդ բազմության մանդատով խորհրդարանական ուժերի հետ բանակցության մտած Նիկոլ Փաշինյանը բանակցության ավարտին, արդեն կեսգիշերին, հայտարարեց, որ քննարկվել է արտահերթ ընտրության հարցն ու խորհրդարանական ուժերն արձանագրել են, որ ընկալում են հանրության պահանջը և չեն առաջադրի նոր վարչապետի թեկնածու, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:
 
Իսկ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին կտա հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվի վարչապետ, և 14 օր անց խորհրդարանն իրավունքի ուժով կլուծարվի:
 
Այդպիսով, եթե երեք խորհրդարանական ուժերը մտածում էին իրենց տեղը պահելու մասին, նրանք, ըստ էության, ավելի մոտեցրին այդ տեղի կորուստը, և արտահերթ ընտրության պարագայում ուղղակի պատկերացնելի չէ, թե ինչպես են այդ ուժերը հավակնելու հանրային քվեի: Այս տեսանկյունից, Հայաստանում հոկտեմբերի 2-ին արձանագրվեց նախորդ, հին քաղաքական և իշխանական համակարգի փլուզման կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ապամոնտաժման հերթական փուլը:
 
Մյուս կարևոր արձանագրումն է այն, որ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ չնայած, ըստ էության, քաղաքական ճգնաժամին, իրավիճակը Հայաստանում կառավարելի է, և միաժամանակ պետական կառավարմանը զուգահեռ՝ իրականացվում է նաև ուղիղ ժողովրդավարական կառավարում, և այդ երկու զուգահեռը Հայաստանում, ըստ էության, ապահովում է թավշյա հեղափոխության ընթացքը՝ ամբողջական իշխանափոխության բացակայության պայմաններում:
 
Սակայն, միևնույն ժամանակ, նաև ակնառու է, որ այսպիսի ընթացքը երկար շարունակվել չի կարող, և այդ իմաստով անհերքելի է, որ արտահերթ ընտրությունը պետք է լինի հնարավորինս շուտ:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի