Ահա Թե Ինչու Են Նրանք Դեմ Արտահերթ Ընտրությունն Արագացնելուն.
 
 
«Առաջին լրատվական»-ը գրում է.
 
Կա ընկալում, որ ներկայումս խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած քաղաքական ուժի կամ հնարավոր դաշինքի, այսպես ասած, վերարտադրության, բացարձակ իշխանության հաստատման կամ համանման մի հարց է, և հապճեպությունը պայմանավորված է դրանով: Ըստ այդմ՝ կա նաև տեսակետ կամ ընկալում, որ եթե չլինի հապճեպություն, ապա ավելի, այսպես ասած, սթափ ու ողջախոհ ժամկետում մենք կունենանք խորհրդարանի բավականին որակյալ ընտրության գործընթաց, և այն կբերի, այսպես ասած, քաղաքական առողջ ընտրության, որակյալ ընտրական գործընթացի: Ընդ որում, առերևույթ թվում է, որ այդ ընկալումները խիստ իրատեսական են, մինչդեռ խորքային առումով դրանք կա՛մ կտրված են իրականությունից ու դրանում եղած բուն խնդրից, կա՛մ կտրված չեն և հենց այդ խնդրի մաս են: Ինչի մասին է խոսքը:
 
Բանն այն է, որ ներկայումս խնդիրը հեղափոխություն-հակահեղափոխություն դիլեմայի դաշտում չէ, ինչպես կարող է թվալ կամ ինչպես ներկայացվում է: Իրականում վտանգը, որ իշխող նախկին համակարգը ավելի ուշ ընտրության դեպքում, այսպես ասած, ռևանշ կվերցնի կամ հակահեղափոխություն կանի, ամենևին մեծ կամ առարկայական չէ, քան, այսպես ասած, արագ ընտրական գործընթացի պայմաններում: Մի քանի ամիսը ճակատագրական ոչինչ չի որոշելու՝ բացի, իհարկե, ժամանակի կորստից:
 
Այստեղ խնդիրը այն է, որ նախկին համակարգը ներկայացնող քաղաքական միավորների գերակշռող մեծամասնությունը ցանկանում է հասնել քաղաքական խաղի, պայքարի այնպիսի կանոնների և միջավայրի, որտեղ կպահպանի իր թեկուզ երկրորդական, երրորդական դերակատարումը, որտեղ Նիկոլ Փաշինյանի «այլընտրանքը» կամ «մրցակիցը» կլինի արդեն եղածների դաշտից, և այդ եղածները իրենց դաշտում կտնօրինեն: Նրանք խոշոր հաշվով չեն վիճարկում Նիկոլ Փաշինյանի իշխող դիրքը, այսպես ասած, ներկա ռեժիմում: Նրանք վիճարկում են քաղաքական համակարգի վերափոխման, եղած համակարգի զրոյական հեռանկարը, այսինքն՝ իրենց «երկրորդի» դերը կամ տիրույթը:
 
Բանն այն է, որ արագ ընտրությունը, հնարավորինս արագ ընտրությունը նշանակելու է նախին համակարգի գրեթե զրոյացում, և ձևավորվելու է մի նոր, ազատ միջավայր, որտեղ կբացվի քաղաքական, կուսակցական նոր որակի գործունեության դաշտ: Որքան հեռու լինի ընտրությունը, այնքան քաղաքական հին համակարգի փաթեթային դուրսգրումը դաշտից լինելու է ոչ հստակ, ոչ ամբողջական: Իսկ դա նրանց՝ հին համակարգի մտածողությանը, հոգեբանությանը և պատկերացումներին վարժված ուժերին տալու է մնալու, ինքնապահպանվելու հնարավորություն: Նրանք ավելիին այս փուլում չեն էլ հավակնում: Նրանք նայում են ավելի հեռու:
 
Նիկոլ Փաշինյանի իրականացրած թավշյա հեղափոխությունն ու իշխանափոխությունը նրանք չեն կարողացել կանխել և հիմա հասկանում են, որ չեն էլ կարող արագորեն հետ շրջել: Բայց պատկերացնում են, որ կարող են սպասել, մինչև Փաշինյանը որպես քաղաքական գործոն տարիների ընթացքում կմաշվի՝ անխուսափելիորեն: Դրա համար պետք է նրանից ոչ թե իշխանություն կորզել, այլ ընդամենը ինքնապահպանման հնարավորություն «երկրորդային» հարթության վրա, երկրորդական դերում թեկուզ: Անհրաժեշտ է ուղղակի բարձրացնել գինը և փորձել թույլ չտալ արագ ընտրություն և նախկին համակարգի լիակատար զրոյացում:
 
Ըստ էության, խորհրդարանի արտահերթ ընտրությունն արագ անցկացնելուն դեմ ուժերը ոչ թե Նիկոլ Փաշինյանին և արտահերթ ընտրությանն են դեմ, այլ դեմ են նախկին համակարգը զրոյացնելու և քաղաքական նոր համակարգ, նոր նշաձողեր, նոր մտածողություն, մշակույթ ու որակ ձևավորելու հեռանկարին, որովհետև այնտեղ իրենք անելիք չունեն, մրցունակ ու կենսունակ չեն: Դա է բուն խնդիրը և շարժառիթը, որ նրանց մղում է առաջ: Ըստ այդմ՝ իրավիճակի գնահատականի մասով էլ խնդիրը հենց այդ է, ոչ թե մեկ ուժի բացարձակ գերիշխանության, այլ նախորդ համակարգի նվազագույն ինքնապահպանության խնդիրը:
 
Հնարավորինս արագ ընտրությունը նշանակելու է նախորդ համակարգը հնարավորինս արագ ուղարկել պատմության իր համար նախատեսված տեղը՝ քաղաքական աղբարկղ, ու տեղ բացել դաշտում նորերի համար կամ այն ուժերի համար, որոնք ունեն արդիականացման կարողություն, ներուժ և վստահ են այդ հարցում: Հետաձգել ընտրությունը, անցկացնել արտահերթը որքան հնարավոր է ուշ՝ նշանակում է նպաստել քաղաքական համակարգի «բակտերիաների» պահպանմանը, որոնք կարող են անգամ տասը տարի հանդուրժել իրենց ձեռքում իշխանության բացակայություն, անգամ քսան տարի, բայց որոնք անխուսափելի թողնելու են իրենց ազդեցությունը համակարգի վրա և թույլ չեն տալու, որ դրանում ծավալվի արդիական, առողջ մրցակցություն և նոր որակի քաղաքական պայքար: Այդ կերպ նրանք սպասելու են իրենց հարմար ժամին, տրանսֆորմացվելու են ըստ իրավիճակի, և եթե նրանք պահպանեն իրենց ներկայությունն այդ ամենից հետո, ապա կարող ենք վստահ լինել, որ տասը, թե քսան տարի հետո նրանք իրենց ժամանակը վերստին կմոտեցնեն հաստատ:
 
Այստեղ է կողմնորոշման առանցքը՝ գնալ հնարավորինս արագ ընտրության և հնարավորինս արա՞գ ճանապարհել հին համակարգը դեպի պատմություն, թե՞ սպասել և նպաստել այդ համակարգի ինքնապահպանման երաշխիքների ձևավորմանը: