ՀՀԿ-ն քիչ էր, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ վերջնականապես վարկաբեկվեցին հասարակության աչքին ու եթե նորմալ, սահուն արտահերթ ընտրությունների պայմաններում գոնե 5 տոկոս անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չէին ունենա, այսօր՝ գիշերային դավադրությունից հետո, երբ ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեցին, ըստ որի՝ եթե ժողովուրդը շրջապատի ԱԺ-ն ու պարտադրի լուծարել խորհրդարանաը, դա չի համարվի նստաշրջանների տապալում և ամեն բան անցնելուց հետո ԱԺ-ն կրկին կաշխատի:
 
Հիմա հանրությունը փողոցում, թե՝ տանը միայն թքում – մրում է Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ն, անդեմ ու անողնաշար ՀՅԴ-ին: Ինչի՞ն էր պետք Գագիկ Ծառուկյանի կամ դաշնակների՝ գնալ նման քայլի, նրանցից այդ ո՞վ է կորցրել իրականության զգացումն ու դիմել ինքնասպանության՝ քաղաքական իմաստով, իհարկե:
 
Ժողովրդական մի լավ առած կա, որն ասում է՝ Ջուրը մինչև վերջ չպղտորվի, չի զուլալվելու: Թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, առավել քան ո՛չ Նիկոլ Փաշինյանին գործող քաղաքական գործիքներից ու գործիչներից որևէ մեկը պետք չէ, առավել ևս ակտիվության պայմաններում, ու ինչպես մայիսի 1-ին խմբովին փչացվեցին ՀՀԿ-ական պատգամավորներն ու այդպես էլ՝ խելքի չեկան, այնպես էլ՝ այսօր, արդեն ամբողջական ծաղկեփնջով՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի ու Արմեն Ռուստամյանի՝ ՀՅԴ-ի խորհրդարանականների տեսքերով:
 
Պարզապես, խնդիրն այն է, որ նրանք ու ներանց ենթակա – մանկլավիկները, բացի կերակրատաշտակին աչք ու բուռ գցելուց այլևս այլ բանի ուղղակի ենթակա չեն: Այդպես են նրանց վարժեցրել նախորդ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունները, իսկ հիմա նրանց յուրաքանչյուր խոսք պարզապես ընդունվում է հալած յուղի տեղ ու երկնքից թափվող մանանա: Իրականում դրանք փոքր-ինչ երկարատև ժամանակահատվածում ինքնոչնչացնող ռումբեր են, որոնք այլև որևէ հնարավորություն չեն թողնի ՀՀԿ-ի անունի տակ գործող, Գագիկ Ծառուկյանի հեղինակության դեմ խոնարհվող ու Դաշնակցության նման անդեմության 128 ամյա քաղի տակ պատսպարվող մարդուկների համար:
 
Ի՞նչ է, ոմանց թվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էշի ականջում քնած էր և միայն քվեարկությունից հետո հասկացա՞վ, թե ինչ է կատարվել ու ժողովրդին դուրս բերեց փողոց: Իհարկե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանին ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար պարզ էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են գործող Ընտրական օրենսգրքով, որը ներառում է ռեյտինգային ընտրակարգը տարածքներում, ուրեմն՝ ինչպե՞ս անել, որ թեկուզ փողատեր ՀՀԿ – ԲՀԿ – ՀՅԴ-ականները այլևս երես չունենան հանրության հետ հանդիպելու և ռեյտինգայինով թեկուզ փոքրիկ շանսեր ունենալու համար, էլ չենք ասում՝ լարվածություն առաջացնեն ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտարական շրջափուլում: Իրենց տերերը եթե իրենց փչացնում են, ու իրենք ձայն չեն հանում, ինչո՞ւ պետք է դա կանխեր Նիկոլ Փաշինյանը:
 
Հիմա հանրությունը՝ Նիկոլ Փաշինյանի կոչով դուրս է եկել փողոց ու թեժացնում է երեք խմբակցությունների, առավելապես՝ վերջին երկուսի պատգամավորների փչացման գործընթացը, այն հասցնելով կատարյալ ավարտին, որից հետո ջուրը կսկսի զուլալվել: Արդյունքում՝ քաղաքական արենայում կմանան նրանք, ովքեր պետք է, որ մնան, եթե իհարկե՝ եղածներից որևէ մեկը մնա:
 
Հայաստանը վերջանանապես թևակոխում է ինքնամաքրման վերջնահանգույցին, որտեղ եթե Ռոբերտ Քոչարյանը համարվում է քաղաքական կոբրա, Սերժ Սարգսյանը՝ շախմատիստ, ապա ի դեմս Նիկոլ Փաշինյանի ունենք պրագմատիկ քաղաքական գործչիչ, ով 21-րդ դարին վայել ՀՀ քաղաքացու դիրքերից կմաքրի դաշտը բոլորից, որովհետև կոմունիստական նոմենկլատուրայի դրոշմը, միևնույն է, իրենն անում է առաջին երկուսի դեպքում: