ՀՀԿ ԳՄ նիստը՝ թերի կազմով, ովքեր են բացակայել Սերժ Սարգսյանի ղեկավարած նիստից
 
Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Այն վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս նիստը 2-րդն էր, որը տեղի է ունենում մեծ դադարից հետո: ՀՀԿ ԳՄ-ից հետո ՀՀԿ-ականները իրենց տարօրինակ պահեցին՝ հրաժարվեցին խոսել լրագրողների հետ:
 
Նիստում քննարկված հարցերի մասին ՀՀԿ-ականները մանրամասներ չփոխանցեցին: Միայն նշեցին, որ ՀՀԿ-ն հանդես կգա մամուլի հաղորդագրությամբ եւ կներկայացնի մանրամասները:
 
Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստը տեղի ունեցավ թերի կազմով: Նիստին չեն մասնակցել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: Փոխարենը ներկա էին Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ ՀՀԿ-ի որոշ հնաբնակներ:
 
Ուշագրավ էր այն, որ ՀՀԿ-ականները գրասենյակից դուրս եկան մաս-մաս: Մասնավորապես, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ Վիգեն Սարգսյանը դուրս եկան սկզբում: Սա, այսպես ասած, իրավաբանական թիմն է, որը աշխատում է ԸՕ-ի վրա: Ավելի վաղ ՀՀԿ-ից հեռացել էին հնաբնակները՝ Գագիկ Մինասյանը եւ Սամվել Նիկոյանը: Ի դեպ, ԳՄ-ին մասնակցում էր նաեւ Գեւորգ Կոստանյանը: Նա ԳՄ-ի կազմում չկա, անգամ ՀՀԿ-ական չէ: