Պատվախնդի՛ր Հայեր
 
Հայաստանի Հանրապետությունում սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին, նախկին և ներկա իշխանությունների հստակ պայմանավորվածությունների արդյունքում, տեղի ունեցավ պետական կազմակերպված հեղաշրջում, ասել է թե՝ իշխանափոխություն: Իշխանափոխություն, որի վտանգը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար մոտ ապագայում լինելու է շատ ավելի կործանարար, քան մինչև հիմա տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմները:
 
Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում սույն թվականի մայիսի 8-ից մինչ օրս:
 
Արկածախնդիր և հայաստանակործան «նիկոլյան իշխանությունը» շուրջ հինգ ամիս է, բացառապես պոպուլիզմի, ստի, կեղծիքի, իսկ արտաքին հարաբերություններում՝ քծնանքի ու քամելիոնական վտանգավոր խաղերի շնորհիվ, ջանք ու եռանդ չի խնայում էյֆորիկ կամ զոմբի վիճակում անընդհատ պահել արցախյան հերոսամարտ հաղթանակած Հային։
 
Միանգամից հիասթափեցնեմ սուրբ Հայաստանը դավաճանող աթեիստներին. աստվածամերժնե՛ր, մենք Հայաստան չունենք ձեր միջոցով հանձնելու, վաճառելու Հայաստանակործան արևմուտքին և վե՛րջ:
 
Սույն թվականի սեպտեմբեր ամսին մայրաքաղաք Երևանը, հատկապես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, առատ էր տարաբնույթ կինոներկայացումներով. թրիլերից մինչև կոմեդիա, մարտաֆիլմից մինչև ֆանտաստիկա։
 
Եվ այդ արհեստական ու խայտառակ տեսարաններին մասնակցում էին ինչպես արժանավոր հայորդիներ, այնպես էլ «քաղաքական դիակներ»: Այս ամենի հիմքում կրկին ու կրկին ընկած էին քաղաքական անփառունակ զենք հանդիսացող անսահման պոպուլիզմը, սուտն ու կեղծիքը, տգիտությունը, նախանձն ու եսականությունը, առաջադեմ հայ ազգին սևերի ու սպիտակների բաժանելու խղճուկ փորձը:
 
Անկախ այն փաստից, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի ընտրողների շուրջ 60տոկոսը, չմասնակցելով ընտրություններին, մերժեց «նիկոլյան իշխանությանը», իսկ ընտրություններին մասնակցած ընտրողների 80 տոկոսն էլ մերժեց ընտրացուցակի մյուս 11 կուսակցություններին և դաշինքներին, այնուամենայնիվ, ես քաջալերում և ոգեշնչում եմ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած բոլոր ընտրողներին, այդ թվում պարտություն կրած քաղաքական կուսակցությունների, դաշինքների ղեկավարներին, ավագանու անդամի թեկնածուներին՝ նրանց պատգամելով.
 
 
«Հայոց ազգային անկախ պետականության կառուցմանն ու Հայաստանի հզորացմանը նվիրի՛ր գիտակցական ողջ կյանքդ։ Սա՛ պիտի լինի յուրաքանչյուր հայաստանապաշտ հայ մարդու ապրելու ու գործելու նպատակը»։
 
Ավարտվե՛ց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Սթափվե՛ք, հայրենակե՛րտ քաղաքացիներ:
 
Միշտ գիտակցե՛ք, որ հայատյաց ոսոխները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, հայոց սուրբ հողի սահմանագծի վրա կանգնած լինելով, 24-ժամյա ռեժիմով արթուն են և զգոն, ու հրճվանքով սպասում են Հայաստանի գործող իշխանության կողմից հայ ժողովրդին պաշտոնապես սևերի ու սպիտակների բաժանման արդյունքում ձևավորված ատելության հաղթանակին՝ քաղաքացիական պատերազմին։
 
Երբե՛ք չընկրկեք, չգայթակղվեք, չթուլանաք, պատվախնդի՛ր եղբայրներ և քույրեր: Բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են, մնայունը հայոց սուրբ հողն է: Մնայունը, թուրք ոսոխներից ազատագրված, հայոց սուրբ հողն է: Մնայունը, հայերիս ի վերուստ տրված, հայկական բարձրավանդակն է, հայոց պետականությունն է ու սրբագույն հայ ազգն է:
 
Հայրենատե՛ր Հայեր
 
Հաշվի առնելով վերջին 27 տարիների ընթացքում իմ հայրենանվեր գործունեությունը, որը բացառապես ուղղված է եղել և լինելու է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հայոց նորանկախ պետականության և՛ ներքին, և՛ արտաքին անվտանգության ապահովմանը, հաշվի առնելով վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած, 1.500 հայրենասիրական միջոցառումներ կազմակերպած և 45.117 անդամ ունեցող փորձաշատ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (hayocartsivner.am) ամուր հիմքի վրա ստեղծված, հայ ընտանիքում ծնված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցության նախագահության պահանջը՝ այսօրվանից սկսում ենք կազմակերպել բաց հանդիպում-քննարկումներ՝ քաղաքական թեմաներով, որոնք կլինեն ինչպես, Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող, Հայաստանաշենությամբ, ասել է թե՝ ընտանիքաշենությամբ ապրող բնակիչների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող և գործող նախագահների ու պաշտոնաթող վարչապետների, Ազգային ժողովի ղեկավար կազմի ու խմբակցության ղեկավարների, Հայաստանում գործող կուսակցությունների և քաղաքական դաշինքների ղեկավարների, քաղաքական վերլուծաբանների ու մեկնաբանների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, պահեստազորի զինվորական գործիչների, մտավորականների, հոգևորականների, երիտասարդների և ուսանողների, հրապարակախոսների, ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների, սոցիալական ցանցերում հանդես եկող բլոգերների և մյուս մտահոգ անհատների հետ՝ օրակարգում բացառապես քննարկելով հայկական բարձրավանդակի ու հայ ժողովրդի և՛ ներքին, և՛ արտաքին անվտանգության, Հայաստանի արտաքին քաղաքականության, այն է՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցության, Հայաստանի ներքաղաքական պայթունավտանգ իրավիճակների, և Հայաստանում առաջիկայում տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հետ կապված խիստ կարևոր թեմաներ՝ ակնկալելով յուրաքանչյուրի պատմական դերակատարությունը՝ մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու առաքելության մեջ:
 
Նորանկախ Հայաստանի ու հայ ժողովրդի համար անվտանգ ու արժանապատիվ ապագա ստեղծելու, կառուցելու սուրբ գործին անմիջապես մասնակցություն ցուցաբերելու համար կարող եք զանգահարել (010) 43-50-34 կամ (077) 81-11-11 հեռախոսահամարներով և այցելել Երևան քաղաքում գտնվող «Հայոց Արծիվների» գլխավոր գրասենյակ՝ «Արծվատուն»:
 
 
Խաչիկ Մայիսի Ասրյան