Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը
   
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել, թե երբ է հրաժարական տալու. «Եթե իմ որոշումով լիներ, արդեն պետք է տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ մանրամասն պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ լինեն»:
 
Հարցին, թե բացի իր հրաժարականից, արտահերթ ընտրությունների անցկացման այլ տարբերակներ դիտարկվո՞ւմ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. Երբ որ մենք ասում ենք՝ հրաժարական, մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ իրավական ընթացակարգերն իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում և դե ֆակտո հրաժարական չի տրվում: Ես ուղղակի հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա կապակցությանբ: Հիմա մի այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ, նրանք հրաժարական չեն տալիս: Հիմա էլ, երբ հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, բայց իշխանությունը հրաժարական է տալիս, պետք է այնպես անենք, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի իր բոլոր նրբություններով: Քավ լիցի, ես հասկանում եմ, որ որևէ գործողություն չպետք է անել թեկուզ տեսականորեն ժողովրդի իշխանությունը վտանգի տակ դնելու համար: Բայց մյուս կողմից մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք, որպեսզի ի վերջո այս բարիկադային ռեժիմից անցնեք քառօրյա աշխատանքային ռեժիմի ու կոնկրետ արդյունքներ արձանագրենք:
 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հայտարարություններին, որ եթե արտահերթ ընտրությունները մայիսին անցկացվեն, ՀՀԿ-ն պատրաստ է գրավոր համաձայնություն տալ, որ չեն առաջադրի իրենց թեկնածուին. Ինչի, հիմա իրենք պատրաստվում են առաջադրե՞լ իրենց թեկնածուին: Դե գիտեք, դա նշանակում է, որ իրենք շարունակում են քաղաքական իրավիճակը չհասկանալ: Այսինքն՝ նրանք մի կողմից ասում են՝ հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, բայց ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել: Եվ սա, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չէ: Ես կոչ եմ անում ուղղակի այս ռեժիմցի դուրս գալ, որովհետև չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծել, որի նպատակն է խանգարել ժողովրդին, խանգարել պետությանը, երկրին՝ առաջ ընթանալու: Դա լավ դերակատում չէ, և կոչ եմ անում մեր ՀՀԿ-ական գործընկերներին ուղղակի դուրս գալ այդ դերակատարումից:
 
ՀՀԿ-ականներին արդեն աղբամաններով են սպառնում՝ դիտարկմանն էլ՝ ՀՀ վարչապետը պատասխանեց. «Սովորաբար, եթե աղբամանների մասին է խոսքը, մենք խոսում ենք պատմության աղբանոցի մասին, որը կարծում եմ՝ ավելի վտանգավոր է, քան Սանիտեկի աբանոցները: Սանիտեկի աղբանոցներից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա»:
 
Ըստ ՀՀ վարչապետի, Երևանի ավագանու ընտրութունները ցույց տվեցին, որ Ընտրական օրենսգիրքը որևէ մեղք չուներ, որ նախկինում ընտրությունները վերածվում էին ահաբեկչական գործողությունների շղթայի: Ինչ վերաբերում է այն սցենարին, որ խորհրդարանն իր հրաժարականից հետո կարող է արագ նոր վարչապետ ընտրել, և Նիկոլ Փաշինյանը կկորցնի ուժայինների նկատմամբ իր վերահասկողոթյունը, նա պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև ժողովուրդը և մենք որևէ մեկին նման հնարավորություն չենք տա: Եթե որևէ մեկը որոշել է, որ պետք է մտնի հայ ժողովրդին խանգարողի և հայ ժողովրդի համար խնդիրներ ստեղծողի դերակատարման մեջ, ժողովուրդն այդ պրոբլեմը լիկվիդացնելու ձևը կգտնի»:
 
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների մանդատները ցած դնելու տարբերակին, որը հնարավորություն կտա արձակել ԱԺ-ն, վարչապետն ասաց, որ դա քննարկելի տարբերակ է: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր էլ երկրում սոցիալական խնդիրները գլուխ են բարձրացրել, և քանի դեռ երկիրը բարիկադային վիճակից դուրս չի եկել, սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին լուրջ խոչընդոտներ են լինելու: