SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 04:00-ից 04:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրկիզել է Սեբաստիա 123 հասցեի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes 403 մակնիշի ՏZ 875 ZZ համարանիշի 46 նստատեղանոց մարդատար ավտոբուսը: Ճիվաղը նախօրոք պլանավորած է եղել, ով իր հետ բերել է տարայով վառելիք, այնուհետև հատուկ թելի մի ծայրը ամրացրել է վառելիքով լի տարայի մեջ, մեկն էլ՝ ավտոբուսից մոտ 20 մետր հեռավորության վրա կապել է սյանը, այնուհետև վառել ժողովրդի լեզվով ասած ֆիտիլը: Կրակը կայծակնային արագությամբ տարածվել է ավտոբուսով մեկ և հրշեջ-փրկարարներն անգամ չեն կարողացել մարել այն ու ավտոբուսը վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ավտոբուսի սեփականատեր, «Նառա տուր» ԱՁՋ-ի տնօերն Նարինե Նորիկյանը ասում է. «Ճիշտն ասած, զայրացած եմ, որ նման դեպքէ տեղի ունեցել: Զարմացել եմ նաև, որ այն ինձ հետ է պատահել: Ոչ մի թշնամիներ չունեմ և չեմ ունեցել: Երկար տարիներ զբաղվել եմ տուրիստական գործունեությամբ, հիմնականում՝ Երևան-Ստամբուլ ուղղությամբ: Տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, սակայն չգիտես ինչու, մինչև այս պահը տարածքի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել: Հուսով ենք, որ գոնե կհայտնաբերեն այդ արկածախնդրին, ով պատասխան կտա, թե ինչի համար է հրկիզել ավտոբուսը, որի պատճառով ես կրել եմ մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի վնաս»: