Գազի և հոսանքի սակագները՝ շահերի բախման կիզակետում
 
Օրերս Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաԺողովը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման շուրջ հայտարարությունները ապատեղեկատվություն են: Բանն այն է, որ վարչապետի խորհրդականին կից աշխատանքային խմբի անդամները, մասնավորապես, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը պնդում էր, թե ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ նվազագույնը 10 %-ով հնարավոր է գազի սակագինը հենց այսօր նվազեցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել՝ 10 դրամով: 
 
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց, որ ՀԾԿՀ-ն պետք է ամբողջ կազմով հրաժարական տա, քանի որ մշտապես ծառայել է վաճառող ընկերությունների շահերին և շարունակում է մնալ այդ թրենդի մեջ, բայց եկել է ժամանակը, որ այն իր կարգավիճակով փոխվի:
 
«Ուղղակի ապշել կարելի է Հայաստանի գազամատակակար «Գազպրոմ-Արմենիա»-ի, ՀԷՑ-ի և Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաԺողովի համերաշխ միասնականության ու օպերատիվության վրա, որով նրանք, ըստ էության, համաձայնեցված ու կոորդինացված ձևով, հարձակվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագների ուսումնասիրության աշխատանքային խմբի անդամ Էդուարդ Արզումանյանի վրա։ Բավական էր վերջինս հայտարարեր արդեն այս պահին գազի սակագնի 10 տոկոսով և էլեկտրական հոսանքի սակագնի՝ 10 դրամով իջեցման հնարավորության մասին, որպեսզի սկզբում գազամատակարար մոնոպոլիստը, այնուհետ «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ը խոսքները մեկ արած՝ գրեթե միաժամանակ, հերքեին Էներգետիկ ոլորտի բազմափորձ մասնագետի հիմնավորումները, հասկանալի է՝ իրենց շահերի զանգակատնից»,- նման տեսակետ հայտնեց Մարգարյանը։ 
 
Նրա խոսքով՝ այս պատմության մեջ առավել տարօրինակը և արտառոցը ՀԾԿՀ-ի ավելի քան տենդենցիոզ ու անշրջահայաց արձագանքն է. «Այն տպավորությունն է, որ ՀԾԿՀ-ն շաբաթ օրվա (նկատենք՝ ոչ աշխատանքային և սգո օրով) իր հայտարարության մեջ վարչապետի ստեղծած աշխատանքային խմբի անդամին «ինչ-որ փորձագետ» որակելով ու նրա հայտարարությունները իբրև «հիմքից զուրկ ապատեղեկատվություն» գնահատելով, իրեն ի սկզբանե դնում է նշված ընկերությունների շահերի սպասարկուի կարգավիճակում։ Սա, ըստ էության, քաղաքական հայտարարություն է մի հանձնաժողովի կողմից, որը համաձայն իր կարգավիճակի՝ պետք է սակագների միջոցով հավասարակշռի բոլոր կողմերի շահերը՝ և՛ վաճառողի, և՛ գնորդի, և՛ պետության»,- ասաց նա՝ նշելով, որ եկել է ժամանակը, որ իրական հոսքերն այդ բնագավառի թե՛ ծախսերը, թե՛ ներդրումները, թե՛ հաշվարկման մեթոդները աուդիտի ենթարկվեն, բայց ոչ թե այնպես, ինչպես եղավ 2015-ին էլեկտրիկ Երևանից հետո: 
 
Տնտեսագետի կարծիքով, քանի որ իրավիճակ է փոխվել, այլ ընկերություններ ևս պետք է գազամատակարարում և էլէկտրաէներգիայի մատակարարում իրականացնեն. «Դա բնական մենաշնորհների ոլորտ է, բայց որպեսզի այդ դիրքը չչարաշահվի՝ պետք է ՀԾԿՀ-ն վերահսկի այն՝ օբյեկտիվ քննի ծախսերը, որոնք ներառվում են սակագնի մեջ և ողջամիտ շահույթները ֆիքսի, որպեսզի սակագները լինեն մատչելի և ընդունելի բոլոր կողմերի համար. վաճառողներն ունենան շահույթներ, սպառողներն էլ չկրեն չհիմնավորված ծախսերի բեռը, նկատի ունեմ գողությունը, թալանը, կոռուպցիան այդ համակարգերում: 
Ինչպես երևում է՝ առաջիկայում սակագների թեման դառնալու է երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ Ու այդտեղ անհնար է լինելու խուսափել շահերի մեծագույն բախումից և ուղղակի խայտառակ բացահայտումներից»,- ասաց Մարգարյանը, ընդգծելով՝ ստացվում է՝ թավշյա հեղափոխությունը մտնում է նաև բնական մենաշնորհների ոլորտ։
 
Հեղինակ՝ Սոնա Հարությունյան