Նա հավելել է, որ Ադրբեջանի հարցումով նավը հագեցվել է լրացուցիչ գործառույթներով. դրա ցռուկային մասում տեղադրված է սարք` հականավային հրթիռներով, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային «պատերազմին» հակազդելու սարք․․․
 
La Tribune ֆրանսիական թերթը հոկտեմբերի 5–ին գրեց, որ Երևան կատարած այցից հետո Մակրոնը կմեկնի Բաքու։ Թերթի տեղեկատվության համաձայն Ադրբեջանում Ֆրանսիայի նախագահի բանակցությունների հիմնական թեմաները կլինեն արցախյան հակամարտության կարգավորումը և պարեկային նավեր առաքելու վերաբերյալ ռազմատեխնիկական պայմանագիրը։ Հաղորդվում էր, որ Naval Group–ը մտադիր է 400-500 միլիոն եվրոյի պայմանագրեր կնքել։
Այդ պատվերը ներառում է Gowind (OPV 90) երեք պարեկային նավերի վաճառք, որոնք կպատրաստվեն առավելապես Բաքվի նավաշինական գործարանում։
Այդ տեղեկատվությունը La Tribune–ին հղում անելով տարածել էին ադրբեջանական ԶԼՄ–ները։ Օրինակ, haqqin.az–ը նյութ էր հրապարակել «Մակրոնը Բաքու է գնում մեծ գործարքի հետևից» վերնագրով, իսկ Minval.az–ը` «Մակրոնի հատկանշական այցը Ադրբեջան»: Նույնիսկ հոդվածներ են հայտնվել այն մասին, որ Հայաստանին չի հաջողվի խանգարել այդ գործարքին։
Ամենահետաքրքիրն այն է, որ հրապարակումից մի քանի օր անց Մակրոնի այցի մասին հոդվածները որոշ կայքերում (օրինակ, haqqin.az, minval.az, 1news.az, trend.az, report.az) անհասանելի են դարձել։
Տեղեկություններ են մնացել այլ ադրբեջանական կայքերում, որոնք կրկին մեջբերում են վերոհիշյալ կայքերին, կամ նրանց միջոցով La Tribune–ին:
Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը չպատասխանեցին Sputnik Արմենիայի հարցմանը նավերի հնարավոր վաճառքի մասին և խորհուրդ տվեցին դիմել Փարիզ։
«Ֆրանսիայի դեսպանատունը մեկնաբանում է միայն հայ–ֆրանսիական հարաբերությունների հետ կապված հարցերը», – հաղորդեցին դեսպանատնից։
Հատկանշական է, որ հուլիսին ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Փարիզը ֆրանսիական ընկերություններից հանել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը։
Այդ ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել էր այդ լուրը։
Կարծում ենք, որ Ադրբեջանը պատրաստվել է թե՛ ֆրանսիական նավեր գնելուն, թե՛ Մակրոնի այցին։
Հնարավոր է, որ Ֆրանսիայի նախագահի այցն ուղղակի հետաձգվել է։
Բայց հրապարակումներն անսպասելի կերպով հեռացնելը խոսում է այն մասին, որ Մակրոնի այց – պայմանագրի ստորագրում շղթայում ինչ–որ բան այնպես չի ընթացել։