Բլումբերգ մեդիա ընկերությունը հոդված է հրապարակել Հայաստանի, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հեռանկարի, դերակատարման մասին: Հոդվածի տողատակն այն է, որ Քոչարյանը չունի քաղաքական հեռանկար, ինչը թերեւս պարզ էր առանց Բլումբերգի էլ:
 
Բլումբերգին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ազդարարվեց մի քանի օր առաջ: Դրա վրա աշխատա՞նքն էր պատճառը, որ այն հրապարակվեց մի քանի օր անց, թե՞ հոդվածի առնչությամբ եղել են Բլումբերգի եւ Քոչարյանի միջեւ որոշակի քննարկումներ: Համենայն դեպս հասկանալի կլինի, եթե դրանք եղած լինեին, որովհետեւ Բլումբերգին տված Քոչարյանի հարցազրույցը այս անգամ աշխատեց ոչ միայն հենց իր, այլ նաեւ ՌԴ նախագահ Պուտինի դեմ, եւ գուցե այս անգամ ավելի շատ հենց Պուտինի դեմ:
Բլումբերգը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դերակատարման մասին հոդվածը հրապարակել է ուշագրավ վերնագրով՝ «Պուտինի դաշնակիցը գլխավորում է հակահարձակումը Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ» (Putin Ally Leads Counter-Charge to Armenia’s Velvet Revolution):
Հեղինակավոր միջազգային մեդիաընկերության հրապարակումը տարածվելու է հենց այդ բովանդակությամբ գլխագրով, ու նաեւ այդպես է հասել Հայաստանի հանրությանը:
Միամտություն է կարծել, թե ՌԴ նախագահ Պուտինը ոգեւորված է Հայաստանի թավշյա հեղափոխությամբ եւ դրա ընթացքով: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Պուտինը կայացրել է դրա հանդեպ վերաբերմունքի միանգամայն սթափ ու ռացիոնալ որոշում: Նա որոշեց չդիմադրել այդ հեղափոխության ընթացքին, թեեւ Հայաստանի նախկին համակարգի մի շարք շրջանակներ, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, նրան համոզում էին անել դա ապրիլին, ու համոզում են նաեւ առ այսօր: Ավելին, այդ փորձերին աշխուժորեն աջակցում են նաեւ այն պետությունները, որոնց համար Հայաստանի վերափոխումը լուրջ քաղաքական խնդիր է ու մարտահրավեր: Այդ պետությունների կազմը պատկերացնելը թերեւս բարդ չէ:
Պուտինը չդիմադրեց, լավ պատկերացնելով դրա քաղաքական լրջագույն հետեւանքը: Միեւնույն ժամանակ, նա չդիմադրեց, թերեւս պատկերացնելով որոշակի քաղաքական էֆեկտը նաեւ իր՝ Ռուսաստանի, դրա ռեգիոնալ քաղաքականության համար:
Առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին առաջարկեց հարաբերության փաստացի բավական շահավետ բանաձեւ: Դրա հիմքում պատասխանատվությունն է անվտանգության հարցում, Հայաստանի պատասխանատվությունն է Ռուսաստանին մեջքից չհարվածելու հարցում, իսկ տնտեսական կամ սոցիալ-տնտեսական խնամակալության պահանջներ Նիկոլ Փաշինյանը չի դնում, դիտարկելով դա որպես հարաբերության վերափոխման եւ այդ հարցում Հայաստանի դիրքերի ամրության գրավական:
Պուտինի համար, առավել եւս ներկայում, երբ նա ունի բավական բարդ խնդիրներ, հարաբերության այդ բանաձեւը շատ ավելի նախընտրելի է, քան այն, ինչ նրան առաջարկում էր նախորդ համակարգը:
Ակնառու է, որ Երեւանն ու Մոսկվան աշխատանք են սկսել բանաձեւը հարաբերության նոր հայեցակարգի վերածելու ուղղությամբ, ինչը կպահանջի իհարկե երկար ժամանակ, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ, եւ հենց Ռուսաստանի դաշտում:
Այնտեղ Պուտինի խնդիրները չափազանց բարդ են եւ շարունակում են բարդանալ: Նրա վարկանիշը գրանցում է արագ եւ գրեթե ազատ անկում: Լրջորեն սպառվել է որեւէ մասշտաբային պատերազմով այն վերականգնելու հնարավորությունը: Պուտինը ներկայում ունի խնդիր սեփական ժողովրդի հետ, ու ահա այդ ընթացքում նրա համար առաջացնում են խնդիրներ նաեւ հայ ժողովրդի հետ:
Այստեղ թվում է, որ դա նրան այնքան էլ չի հուզում՝ ինչ ուզում են, թող մտածեն հայերը նրա մասին: Իրականում սակայն խնդիրը բավական խորքային է ու բազմաշերտ, հաշվի առնելով Հայաստանի թե նշանակությունը, թե ընկալումը ռուսական իշխանության, քաղաքականության եւ հոգեբանության ուղեծրում:
Բանն այն է, որ օրինակ երկրորդ նախագահի գործունեության կամ քաղաքական ծրագրերի ուղեծրում կամա թե ակամա ստեղծվում է վիճակ, որը Պուտինին դնում է Հայաստանի թավշյա հեղափոխության հակադրության մեջ, այն էլ սկզբունքային հակադրության մեջ: Իսկ դա նշանակում է դնել Պուտինին այդ հարցում որեւէ բան անելու անհրաժեշտության առաջ, որովհետեւ, հաշվի առնելով հենց ռուսական քաղաքականության եւ հոգեբանության մեջ Հայաստանի ընկալումը, որեւէ բան չանելը հավասարազոր է յուրօրինակ պարտության եւ կապիտուլյացիայի: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ որեւէ բան անելու հնարավորություններն էլ չափազանց սուղ են, իսկ հետեւանքը՝ բավական վտանգավոր: Ահա թե ինչու ՌԴ նախագահը կայացրեց գրեթե միակ ռացիոնալ ու սթափ որոշումը՝ չդիմադրել հայկական թավշյա հեղափոխությանը:
Մինչդեռ ինչ որ մարդիկ անընդհատ տալով նրա անունը, մղում են նրան դիմադրության, հարվածելով նրան ոչ թե Հայաստանում, այլ հենց Ռուսաստանում, որտեղ նա առանց այդ էլ ներկայում փորձում է գտնել մի շարք այլ հարվածներ մեղմելու կամ չեզոքացնելու բարդ լուծումները: