Կառավարության արտահերթ նիստում, որի ընթացքում սպասվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ խորհրդարանի լուծարման իրավա-քաղաքական հայտնի սխեմայի շրջանակում, սպասվում է բավական հետաքրքիր մի որոշում:
 
Ըստ օրակարգի, նշանակվելու է Սյունիքի մարզպետ: Նիկոլ Փաշինյանը մարզպետ է նշանակելու ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ Հունան Պողոսյանին:
Հունան Պողոսյանը երկար տարիներ եղել է երկրորդ մարդը ոստիկանության համակարգում, մինչ այդ նա բավական հարուստ կենսագրություն է ունեցել ոստիկանության համակարգում, զբաղեցնելով մասնավորապես այնպիսի առանցքային պաշտոններ, ինչպիսիք քրեական հետախուզության վարչության պետի եւ կազակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնները:
Միեւնույն ժամանակ, լինելով ոստիկանական համակարգի փորձառու պաշտոնյա, Հունան Պողոսյանը եղել է օդիոզության շրջանակներից դուրս եւ կարծես թե դուրս է եղել աղմկոտ պատմություններից եւ հանրային բացասական ընկալումներից:
Ավելին, Պողոսյանը թավշյա հեղափոխությունից հետո դիտարկվում էր թերեւս ոստիկանության պետի հավակնորդներից մեկը: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ այլ թեկնածուի՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա: Նիկոլ Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ Օսիպյանը կառուպցիոն պատմություններում ներգրավված չէ: Իհարկե, այդ ընտրության հարցում թերեւս կային առանցքային այլ նուրբ հանգամանքներ, որոնք քաղաքական տրամաբանության եւ իշխանական խնդիրների տրամաբանության տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի նախընտրելի էին դարձնում Վալերի Օսիպյանի թեկնածությունը:
Ներկայում, երբ ինչպես իր հարցազրույցներից մեկում Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպանն էր բնորոշել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վստահ է դարձել, նա կարող է կառավարման խնդիրները լուծելու հարցում ներգրավել նախկին համակարգի բարձրաստիճան պրոֆեսիոնալներին, որոնք վարկաբեկված չեն:
Այդ իմաստով հատկանշական է Հունան Պողոսյանի նշանակումը եւ հատկապես Սյունիքի մարզում: Սյունիքի մարզը ունի ի շարք մենթալ, հոգեբանական եւ նաեւ ռազմա-քաղաքական առանձնահատկություններ, հաշվի առնելով այդ մարզում տարիներ շարունակ ձեւավորված բդեշխական-կլանային հարաբերությունները, ինչպես նաեւ մարզի աշխարհագրական դիրքը՝ սահմանը Նախիջեւանի, Իրանի հետ եւ սահմանակցությունն Արցախի ազատագրված տարածքներին, ու նաեւ արդյունաբերական կառուցվածքը, պղնձամոլիբդենային հսկայի գոյության թե տնտեսական, թե քաղաքական ազդեցության խնդիրը:
Այդ տեսանկյունից հատկապես նշանակալի է, որ մարզպետի պաշտոնին նշանակվում է իրավապահ համակարգում գերհարուստ կենսափորձ ունեցող Հունան Պողոսյանը:
Նշնակումն էլ ինքնին հատկանշական է նրանով, որ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շեմին կամ դրան զուգահեռ, հաշվի առնելով այն նրբերանգները, որ առաջանում են կառավարման համակարգում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարության առանձնահատուկ վիճակի հետ կապված: Այդ պարագայում կարեւոր է դառնում յուրաքանչյուր կետի կառավարման խնդիրը, եւ առավել էական՝ հատկապես կարեւոր նշանակության կետերի եւ գոտիների կառավարման հարցը: