Ազգային ժողովի արտահերթ ընտրությունից առաջ, չնայած սիրո եւ համերաշխության հաստատված մթնոլորտին, այնուամենայնիվ ներքին լարվածություն է զգացվում:
 
Քաղաքական դաշտում կարծես թե հաստատվել է որոշակի կոնսենսուս դեկտեմբերի ընտրության կապակցությամբ.
հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո թեկնածու չեն առաջադրելու եւ ավելորդ լարվածություն չեն ստեղծելու:
Չկա այն հռետորաբանությունը, որը տիրում էր Երեւանի ավագանու ընտրության շրջանում:
Ռոբերտ Քոչարյանը, ով մտադիր էր կոնսոլիդացնել հին համակարգը, հայտարարել է, որ այս փուլում ակտիվություն չի ցուցաբերելու, չի մասնակցելու արտահերթ ընտրությանը:
Իր հերթին, հայկական խորհրդարանի արտահերթ ընտրության եւ Հայաստանում իշխանության ամբողջական ձեւավորման հարցում կոնսենսուս կա նաեւ արտաքին առաջատար գործընկերների մոտ,
թեև նկատվում է նաև նրանց որոշակի մրցակցությունը Հայաստանի ապագա իշխանության հետ գործընկերության ու ազդեցության մասով:
Վերջին օրերին այս թեման սրեցին ռուսները. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցներից մեկում քաղաքացիական հասարակության աջակցության թեմային, ԱՄՆ-ին մեղադրել էր Հայաստանի ներքին գործերի միջամտության մեջ:
Արտաքին շահագրգիռ կողմերի հետաքրքրությունը բնական է, քանի որ Հայաստանի իշխանության խնդիրը զուտ ներքին հարց չէ եւ առնչվում է Հայաստանի աշխարհքաղաքական որոշակի դերակատարությանը:
Այնուամենայնիվ, չնայած ներքին ու արտաքին համաձայնությանը, զգացվում է որոշակի զսպված լարվածություն:
Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է բավական զուսպ, խոսում է ներքին որոշակի ցնցումների հնարավորության և այդ պարագայում ժողովրդի հակահարվածի մասին:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն, իր հերթին, հայտարարել է, որ ժողովուրդն ամեն ինչի պատրաստ է, նկատի ունենալով զարգացումների որոշակի սցենարներ առավել լայն առումով:
Իսկ վարչապետի հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս այլ կետերի, նշել է սահմաններին զգոնությունը չկորցնելու անհրաժեշտությունը:
Լարվածության «ավանդական» աղբյուր են դիտարկվում Ռուսաստանը, որտեղ չի դադարում նոր Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական-քարոզչական բացասական ֆոնը և որոշակի պետական քաղաքական շրջանակների շահագրգռությունը, ինչպես նաեւ Մոսկվայի հետ կապված ներքին ուժերը,  որոնք ըստ էության ունեն սաբոտաժի «սահմանադրական լծակներ»:
Բացի այդ, վտանգ կարող է լինել նաեւ Ադրբեջանի կողմից, եւ թերեւս դա նկատի ուներ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում: Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ալիեւի հետ ստեղծել են հուսալի օպերատիվ կապ եւ պահում են Դուշանբեի պայմանավորվածությունը:
Երկշաբաթյա այս շրջանում զգոնությունն ու բոլոր քաղաքական դերակատարների պատասխանատվությունն ավելորդ չեն, որքան էլ այս ընթացքում կատարվել են «կանխարգելիչ» բավական գրագետ ու արդյունավետ քայլեր: Իշխանության «անցման» շրջանը Հայաստանում վերջնականապես պետք է դուրս բերվի ցնցումների տրամաբանությունից:V