Հոկտեմբերի 16-ին Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրի Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ բարձրացրել են «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի լուսանկարով պաստառ:
 
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Սեթո Նազարյանը Armdaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախաձեռնության հեղինակը Շվեցարիայում բնակվող Տիգրան Գրիգորյանն է, ով հանդիսանում է «Սասնա ծռեր»-ի աջակից։
Ավելի ուշ Armdaily.am-ը զրուցեց նաև Տիգրան Գրիգորյանի հետ։
Նա հայտնեց, որ 26 տարեկան է և արդեն 8 տարի բնակվում է իր սիրելի հայրենիքից հեռու։ «2016 թվականի հուլիսի 17-ին, երբ տեղի ունեցավ «Սասնա ծռերի» ապստամբությունը՝ Ֆրանսիայում էի։
Ինձ համար նրանք դարձան հերոսներ և ես երեք օր նստացույց իրականացրի՝ սատարելով «Սասնա ծռերին»։
Նրանք դուրս էին եկել պայքարելու մեր հզոր, բայց երկար տարիներ կեղեքված ազգի իրավունքների համար։Այդ օրից ես դարձա նրանց աջակիցը։
Վերջերս եկա Հայաստան ու քանի որ տղաների մեծ մասը ազատության մեջ են, և ցավոք դեռ բանտարկված են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բասեղյանը, որոշեցի գնալ «Սասնա ծռեր» կուսակցության գրասենյակ և միանալ նրանց»։
Տիգրան Գրիգորյանը փաստում է, որ հայրենիքը անպարտ է իր հերոսներով և իր համար կարևորագույն առաքելություն էր ակցիայի միջոցով բոլորին ցույց տալ՝ հերոսները անմահ են։
«Միայնակ Գայլ՝ Արայիկ Խանդոյանի մահը ծանր հարված էր ողջ հայ ազգի համար։Ես որոշեցի ակցիայի միջոցով իմ հարգանքի տուրքը մատուցել հերոսին։ Գաղափարի մասին հայտնել եմ «Սասնա ծռերին», սակայն այն քաղաքական ենթատեքստ չի կրում»։
Տիգրան Գրիգորյանի խոսքով՝մարզադահլիճ մտնելուց առաջ խոչընդոտների է բախվել․ «Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները չէին թողնում ներս տանել պաստառը, փորձեցին խլել, անգամ քաշքշոց եղավ, սակայն ես համառում էի։
Իր վիրավոր ոտքով մի կերպ քայլելով Պավլիկ Մանուկյանը եկավ ու խառնվեց խոսակցությանը։
Ավելի ուշ մեզ մոտեցավ Արթուր Վանեցյանը և իմանալով նպատակիս մասին ասաց, որ անպայման պետք է իրականացնեմ ակցիան ու ինքը կողմ է․․․
Այդ քայլի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱԱԾ պետին, ով նաև ՀՖՖ նախագահն է»։ Արդեն մարզդահլիճում Տիգրանը բացում է պաստառը։ Նա նշում է, որ ամբողջ կյանքում կհիշի այդ պահը․
«Բոլորը սկսեցին ծափահարել ու բացականչություններ հնչեցին, մարդիկ մոտենում ու ինձ շնորհակալություն էին հայտնում։
Ես կարողացա ապացուցել, որ Արայիկ Խանդոյան հերոսի առաջ պետք է խոնարհվել ու հավերժացնել նրա հիշատակը»,-եզրափակեց Տիգրան Գրիգորյանը։