Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձ է հղել Երեւանի հիմադրման 2800 ամյակի առթիվ: «Սիրելի՛ երևանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։
 
Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել. Երևանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։
 
Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։ Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ և նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երևանի շարունակական զարգացման, հզորացման և հարատևման։ Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան»,-ասված է ուղերձում: