Հոկտեմբերի 21-ին, ժամը 03:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ներքևում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել մինչ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբի ժամանումը: Կամրջի ներքևում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է G1 տեսակի իմիտացիոն ուսումնական ձեռքի նռնակ, որը հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչին: