Սյունիքի մարզպետի նշանակումը լուրջ խմորումներ է առաջացրել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնի է, մարզպետ նշանակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այնտեղ մի շարք ՔՊ համակիրներ դեռեւս ամիսներ առաջ գրասենյակ էին բացել, եւ գրեթե ամեն օր մի խումբ երիտասարդներ դիմում են գրել ՔՊ անդամագրվելու համար:
Երեկվա դրությամբ 105 անձ ՔՊ-ի անդամակցության դիմում է գրած եղել, սակայն մարզպետի նշանակման շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով նրանցից շուրջ 50-ը պատռել են իրենց ՔՊ անդամակցության դիմումները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկության հետ կապված դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, թե արդյոք նրանք տեղյակ են այս ամենից եւ ինչպես կմեկնաբանեն իրավիճակը:
Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Մեր մարզային շտաբերի պատասխանատուների հետ զրուցեցի, դիմումներ պատռելու փաստ չի արձանագրվել, ավելին ասեմ` կուսակցության դիմում ներկայացրած այն անձինք, ովքեր այդ ակցիան են իրականացրել, փորձել են հրավիրել մի խումբ դիմում ներկայացրած անձանց, ովքեր մերժել են իրենց առաջարկը:
Ամեն դեպքում, մենք գտնում ենք` յուրաքանչյուր քաղաքացի, եթե ունի որեւէ բողոք, ազատ է Հայաստանում իրացնել այդ իրավունքը»: 
Հավելենք, որ այժմ արդեն նոր տեղեկություններ են տարածվել, որոնք առավել քան ուշագրավ են․․․ Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ժողովրդի ճնշման տակ Պողոսյանը տեղի կտա և անսպասելի որոշում կկայացնի․․․
Այստեղ հարց է առաջանում կապված Փաշինյանի որոշման հետ։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ լսելու է ժողովրդի ձայնը և հետևողական է լինելու։ Եթե հասարակական մեծ ցասումը այդպես էլ չհանդարտվի, ապա միակ տրամաբանական լուծումը մնում է հրաժարականի դիմումը․․․v