Մեր զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը
 
Տիկին Նազարյան, տեսակետ կա, որ որևէ մեկին պետք չէր ԸՕ փոփոխությունների փաթեթի ընդունումը, այդ թվում նաև իշխանությանը, այլապես այն արդեն կյանքի կոչված կլիներ։ Ինչպե՞ս եք գնահատում երկրորդ տապալումը։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, որ ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որ կողմ են արտահերթի անցկացմանը, ամբողջ կազմով ներկայանալ քվեարկությանը։
Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունումը: Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու շահը: Որպեսզի շահագրգռենք մարզերում ու վարչական շրջաններում հեղինակություն ունեցող թեկնածուների՞ն մեր ցուցակներում ընդգրկվելու համար: Բայց դրա համար հատուկ ջանքի կարիք չկա էլ մեր դեպքում. Երևանի ավագանու ցուցակ կազմելու համար մոտ 500 անձի հայտ ենք դիտարկել: Մինչդեռ մեկ ընտրական ցուցակով ընտրությունների մասնակցելը միշտ ավելի կանխատեսելի ու պակաս ռիսկային է քաղաքական թիմ ձևավորելու առումով, ու սա շատ ավելի նախընտրելի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ոչ թե ընտրվելու խնդիր ունեն, այլ ԱԺ-ում քաղաքական և աշխատող թիմ ունենալու նպատակ: Իսկ մենք ունենք այդ նպատակը: Եվ անգամ գործող օրենսգիրքը մեզ չի խանգարի, որ մենք հասնենք այդ նպատակին, թեև ավելի դժվար կլինի: Ափսոսում եմ, որ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում այս տարբերությունը, անտեսեցին մեր ջանքերը քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ և չմատնանշեցին իրական խոչընդոտողներին՝ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Ինչևէ, վստահ եմ, որ նոր խորհրդարանում արդեն ավելի հանգիստ ընթացքով նորից կքննարկենք ԸՕ-ը և անպայման կփոխենք այն: Քաղաքական համակարգը պետք է հետևողականորեն առողջանա:
Առհասարակ, իշխանությունն ունի՞ որևէ մեղավորություն ԸՕ–ի տապալման համար, թե ոչ։
Այո, ունի, որովհետև եթե չկա կոնկրետ արդյունք, ապա ինչ-որ տեղ բացթողում է եղել: Ես հակված չեմ սեփական անհաջողությունների մեջ ուրիշի սխալները փնտրել: Ամեն դեպքում, չէի ցանկանա հանրային անդրադառնալ այդ թերացումներին, որովհետև, չնայած վերջնարդյունքին, իրապես շատ մեծ ջանք է գործադրվել լավ նախագիծ մշակելու, Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու ու պատգամավորների հետ աշխատելու ուղղությամբ: Սա պետք է գնահատել: Եթե ընդհանուր ասեմ, ապա կարծում եմ, որ այս գործընթացի ոչ բոլոր օղակներն են հավասարաչափ լավ աշխատել, ու թիմային համագործակցությունը թերի է եղել:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոսել է շատ գործարարների հետ և որ դեմ է նրանց ԱԺ–ում հայտնվելուն։ «Գործարարի ինչի՞ն է պետք գնալ խորհրդարան», ասել էր նա։
Լիովին համակարծիք եմ: Եթե նախկինում գործարարների համար ԱԺ-ն իրենց սեփականությունը պաշտպանելու միջոց էր, ապա հիմա, կարծում եմ, նրանք էլ համոզվել են, որ ԱԺ-ն չէ սեփականությունը պաշտպանելու տեղը: Նրանք համոզվեցին նաև, որ այս ընթացքում ոչ մեկի սեփականությունը չտեղափոխվեց նոր կառավարող ուժի անդամների գրպանը, ոչ մեկը չզրկվեց իր սեփականությունից, իսկ եթե եղել էին տնտեսական չարաշահումներ, ապա տրվեց հնարավորություն, որպեսզի գործարարները վերահաշվարկի միջոցով փոխհատուցեն պետությանը չվճարված հարկերը: Սա լավագույն անցումն է գործարարների համար և ուղերձ՝ ԱԺ չձգտելու համար: Իհարկե, լրիվ այլ բան է, երբ անհատ պատգամավորները ներկայացնում են գործարների շահերը, ակտիվ խոսում են հարկային ու մաքսային քաղաքականությունից ու պաշտպանում են բիզնեսի շահերը: Այդ դեպքում միշտ կգտնվեն նաև այլ պատգամավորներ, ովքեր կներկայացնեն աշխատողների ու արհմիությունների շահերը, կպաշտպանեն հանքափորների կամ կանանց աշխատանքային իրավունքները, իսկ այլ պատգամավորներ այդ հարցերը կդիտարկեն բնապահպանության տեսանկյունից, և դրա արդյունքում կլինի առողջ բանավեճ ու կգտնվի հավասարակշռված լուծում: Բայց եթե մի ամբողջ խմբակցություն հիմնված է գործարարի ռեսուրսի վրա կամ էլ խմբակցության, այսպես ասած, ձայն բերող մասը հենց ինքն էլ գործարար է, ապա այս պարագայում դժվար է պատկերացնել, որ կարող է լինել խոշոր գործարարի շահից դուրս այլ բանավեճ կամ քվեարկություն:
Արդյոք Ծառուկյանը և մյուս օլիգարխները հատուցել են հանրությանը տարիներով հասցրած վնասը։
Պետությանը պատճառված վնասի առկայությունը կամ դրա չափը կարող են որոշել միայն համապատասխան իրավապահ մարմինները: Մի քանի օր առաջ հրապարակվեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հայտարարությունը, որի համաձայն 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 64.1 մլրդ դրամ և արդեն իսկ վերականգնվել է 10.5 մլրդ դրամը: Չեմ բացառում, որ այս վիճակագրության մեջ լինի նաև Ծառուկյանի և մյուս օլիգարխների կողմից պատճառված վնասը: Որքան որ հասցրել եմ ուսումնասիրել իրավապահ մարմինների հայտարարությունները (մոտ 170), հեղափոխությունից մինչ այժմ շատ ակտիվ տեղի է ունենում պետությանը պատճառած վնասի ուսումնասիրություն, բացահայտում և փոխհատուցում, և որևէ մեկը չի կարող խուսափել այս գործընթացից:
Ձեր կարծիքով՝ հաջորդ խորհրդարանը զերծ կմնա՞ գործարարների առկայությունից՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարում է, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր։ Եթե այսպես կոչված սեփականատերեր հայտնվեն խորհրդարանում, դուք այդտեղ վտանգ չե՞ք տեսնում, որ նախկին իներցիան կշարունակվի, ասենք ոչ թե օլիգարխների, այլ մեկ այլ ձևակերպմամբ՝ սեփականատիրոջ։
Տեսնում եմ: Ես անկեղծորեն դժվարանում եմ բիզնեսով ձեռք բերված սեփականության տնօրինողին տարանջատել գործարարից` անգամ եթե բիզնեսը հանձնված է հավատարմագրված կառավարման: Ես հավատացած եմ, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է անջատ լինեն, որովհետև չի կարող միևնույն անձը տնտեսական և քաղաքական տիրապետություն ունենալ: Կարող եմ ասել, որ մեր նախընտրական ցուցակում չեն լինի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:
Տիգրան Ավինյանի՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքի մասին հրապարակումից հետո չպե՞տք է տեսնեինք նրա հրաժարականը։
Բացարձակ ոչ մի կոռուպցիոն ռիսկ, առավել ևս գործարք չկա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործունեության մեջ: Մանրամասն անդրադարձել է իր անվան հետ կապված յուրաքանչյուր հրապարակմանը և, կարծում եմ, ավելի քան համոզիչ են նրա կողմից ներկայացված ապացույցները: Որևէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում, սակայն պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող և իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն տարածող ռեսուրսներից։