Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ՀՆՎ վարչության մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Լոռու մարզ։  Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նրանք ժամանել են ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, ովքեր մի քանի կարևորագույն օպերատիվ աշխատանքներ են կատարելու։
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գործողությունները կապված են այս տարվա հոկտեմբերին Վանաձոր քաղաքում աղմկահարույց կրակոցների փաստի հետ, երբ հոգեհանգստի մասնակիցներից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում:  Ինչպես Վանաձորից հայտնել էր ֆոտոլրագրողը, հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել էին նաև ВАЗ 2107 մակնիշի 35 PM 312 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, և այն մարելու համար ժամանել էին արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: 
 
Կային տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: Ժամանած ոստիկաններն ու քննիչները, զննության ենթարկելով ավտոմեքենան, ավտոմեքենայի մոտ և սրահում հայտնաբերել էին 21 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ։