Եվ այսպես․ արձանագրենք, որ մտանք ԱԺ ընտրությունների նախընտրական փուլ։ Արդեն իսկ հայտնի է ընտրությունների օրը․ դեկտեմբերի առաջին կիրակին՝ 9-ը։ Դեկտեմբերին մեզանում դեռեւս ընտրություն չէր եղել։ Նախ, որովհետեւ դեկտեմբերը ցուրտ ամիս է, ապա՝ Նոր տարվա նախօրեն է, եւ մարդկանց միտքը, որպես կանոն, զբաղված է ամանորյա հոգսերով ու տոնի սպասումներով։
 
Այս ամսին մեզանում մշտապես իջնում է քաղաքական ակտիվությունը, մարդիկ սկսում են մթերք առնել կամ ուղեգրեր ձեռք բերել, ու բոլորը պատրաստվում են տոներին, որը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է։ Գուցե դեկտեմբերի 9-ը դեռ նախատոնական ակտիվ եռուզեռի շրջան չէ, սակայն, ցավոք, վարչապետի ընտրության օրն էլ, ընտրական ժամանակացույցով եւ Սահմանադրությամբ պայմանավորված, լինելու է դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ տոլմայի ու բլինչիկի արանքում ազգս հետեւելու է ԱԺ նիստին ու վարչապետի ընտրությանը։ Եթե այս ամենին գումարենք նաեւ այն, որ դեկտեմբերի սկիզբը, կոնկրետ՝ 7-ը, նաեւ երկրաշարժի հիշատակի օրն է, եւ այն համընկնելու է քարոզարշավի վերջին՝ ամենալարված օրվա հետ, պարզ կդառնա, որ ընտրությունների օրը, բոլոր առումներով, անհաջող է ընտրվել։ Այս իրողության հետ կարելի էր հաշտվել, իհարկե, եթե ունենայինք աննախադեպ ֆորսմաժորային իրավիճակ՝ բնական դեպքերով պայմանավորված ԱԺ անակնկալ արձակում, բայց ակնհայտ է, որ նման իրավիճակ չկա։ Ոչինչ չէր խանգարի, եթե ընտրությունները նշանակվեին, ասենք, դեկտեմբերի կամ հունվարի կեսին՝ 10-15 օրում ո՛չ հին Ազգային ժողովն ավերածություններ կաներ, ո՛չ էլ «Քաղպայմանագրի» քվեները կտրուկ անկում կապրեին։ Փոխարենը մարդիկ հանգիստ Նոր տարի կանեին, քաղաքական ուժերը մի քիչ ավելի շատ ժամանակ կունենային պատրաստվելու, եւ այս աննախադեպ ցայտնոտը չէր լինի»։