Մարդիկ հիմնականում դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը՝ նկատելով, որ պետք չէ տեղի տալ էմոցիոնալ տրամադրություններին եւ փորձել Ազնավուրին մեծարել օդանավակայանի անունը փոխելով։ «Զվարթնոցն» ինքնին բրենդ է, որն արժե պահել-պահպանել։
 
Զվարթնոց օդանավակայանի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այս հարցին այլ տեսանկյունից մոտեցավ։ Նա մասնավորապես նշեց, որ շատ բացասական է վերաբերվում այդ որոշմանը, քանի որ գործող օդանավակայանի շենքը չի համապատասխանում Շառլ Ազնավուրի մարդկային բարձր տեսակին, եւ ամոթ է այդ շենքը նրա անունով կոչելը․ «Գավառական, անճաշակ, հետամնաց մի կառույց, եւ ամոթ է, որ այդպիսի շենքն անվանենք Շառլ Ազնավուրի անունով»։
Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ անվանափոխության անհրաժեշտություն բոլորովին չկա․ «Դա ուղղակի անհեթեթ բան է, այո, Շառլին բոլորս սիրում ենք ու շատ մեծ հարգանք ունենք իր նկատմամբ։ Այդ հարգանքը տրվել է նրան, իր կենդանության օրոք արձան է դրվել, հրապարակ կա թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում, կեցավայր-կենտրոն կառուցվեց Երեւանում՝ Կասկադի տարածքում, եւ վերջապես՝ բոլորը մեծ հարգանք ունեն նրա նկատմամբ, հիմա ինչո՞ւ են ուզում այդ քայլով արժեզրկել այդ մարդուն»։
Մինասյանը զարմանում է, որ նման առաջարկով հենց մշակույթի նախարարությունն է հանդես եկել․ «Ի՞նչ է պատահել։ «Զվարթնոց» անունն ավելի կարեւոր է, չէ՞ որ Զվարթնոցը մեր մշակույթի, ճարտարապետության գոհարներից է, հիմա մենք ի՞նչ ենք ուզում անել, մարդկանց հիշողության միջից ջնջե՞լ դա, որը գոնե դրանով էր ամրացվում, քանի որ ոչ բոլորը գիտեին Զվարթնոցի նշանակությունը։ Հիմա այդ անունը որ ամրագրել էինք օդանավակայանով, եւ ինքն էլ իրենով արժեք ուներ, ինչի՞ համար ենք փոխում։ Այնպես չէ, որ դա ինչ-որ մեկի անունն էր կրում կոմունիստական ռեժիմի ժամանակ, եւ հիմա ուզում ենք փոխել, սա ի սկզբանե եղել է «Զվարթնոց», ինչո՞ւ եք այդ անվան հետ այդպես խաղում, բանուգործ չունե՞ք, չեմ հասկանում։ Այսքան գործի մեջ մտքներով ի՞նչ է անցել, որ դա են քննարկման դրել, թե՞ այսպես էժան պոպուլյարություն են ձեռք բերում։ Ինձ թվում է՝ իրենք իրենց հեղինակության հետ են խաղում եւ ընդհանրապես մշակույթի հեղինակության հետ են խաղում, ո՞նց կարելի է նման բան անել»։
Փաստարկներ են ներկայացվում, թե Ազնավուրն ավելի ճանաչելի է օտարների համար, քան «Զվարթնոցը»․ Մինասյանը նկատում է, որ այս մոտեցումը տրամաբանական չէ․ «Այսինքն՝ դրսում, երբ մարդիկ Շառլ Ազնավուրի անունը լսեն, տոմս կառնեն ու կգան Շառլ Ազնավուրի օդանավակայա՞ն․ դա ի՞նչ մտածելակերպ է, թող այնպես անեն, որ մեր երկիրը գրավիչ լինի դրսի համար, ոչ թե օդանավակայանը։ Կարո՞ղ է Շառլ Դը Գոլի համար են գնում Փարիզ, իհարկե՝ ոչ, մարդիկ գնում՝ քաղաքով հիանում, հետ են գալիս։ Հակառակ ծայրից են բռնում այդ «դռել» կոչեցյալը։ Հիմա շանսոնյեն իր տեղում շուռ է գալիս, թե իր ազգն ինչքան կարճամիտ է»։
Առաջարկներ են հնչում նաեւ Գյումրու օդանավակայանն Ազնավուրի անունով կոչելու համար, ինչը դարձյալ Մկրտիչ Մինասյանը չի հասկանում։ «Լավ, դա թող դնեն, նա կարծես անուն չունի, չնայած բոլորը գիտեն որպես Գյումրիի օդանավակայան, Գյումրին ի՞նչ վատ անուն է»,- ասում է նա ու հավելում, որ չի պատրաստվում մասնակցել այդ հանդիպում-քննարկմանը։