Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Ռոսսիյա 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որտեղ մեկնաբան Նիկոլայ Սվանիձեւի հետ խոսում է իր գրքի մասին, որտեղ արտացոլված են նորագույն պատմության դրվագները՝ Արցախի շարժումից: Այդ հուշերի գրքի մասին Ռոբերտ Քոչարյանն ազդարարեց դեռեւս հունիսի 26-ին, երբ հարցազրույց տվեց Երկիր Մեդիային՝ իրեն կալանավորելու որոշումից հետո:
 
Քոչարյանը հայտարարեց, որ գիրք է գրում եւ շուտով կավարտի, որտեղ ներկայացնելու է պատմությունը եւ «խոհանոցային» դրվագներ, որոնք ըստ նրա լայն հանրությանը մինչ այժմ եղել են անհայտ:
Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը ավարտել է գիրքը եւ գովազդում է նաեւ ռուսական լսարանի համար: Համենայն դեպս, Սվանիձեւի հետ նրա զրույցը գործնականում հենց հուշերի գրքի գովազդ էր, ինչի վկայություն էր թերեւս նաեւ զրույցի բովանդակությունը՝ այն ԽՍՀՄ փլուզման մասին էր: Կամ, ավելի շուտ զրույցն այն մասին էր, որ Ռոբերտ Քոչարյանն «անմասն» է այդ փլուզումից, եւ նաեւ արցախյան շարժման ընթացքում եղել է ոչ թե Հայաստանի անկախությանը, այլ կենտրոնին՝ վերակառուցմանը հավատացողների շարքում:
Ընդ որում, այդ առումով կա ուշագրավ դրվագ, երբ Քոչարյանը խոսում է այն մասին, որ արցախյան շարժման ընթացքում Հայաստանում արդեն կային բազմաթիվ մարդիկ, որոնք մտածում էին Հայաստանի անկախության մասին: «Այդ թվում դո՞ւք», հարցական տոնով արձանագրում է Սվանիձեն, որին Ռոբերտ Քոչարյանը տալիս է մերժողական պատասխան, հետո երկար բացատրելով, որ ինքն այն մասում էր, որտեղ կար հավատը կենտրոնի նկատմամբ:
Հետո իհարկե Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես տարօրինակ տպավորություն չստեղծելու համար փորձում էր բացատրել, որ իրականում արցախյան շարժումն ընդհանրապես կապ չունի ԽՍՀՄ փլուզման հետ, դրա պատճառ չէ եւ որ ԽՍՀՄ փլուզման պատճառներն ավելի լայն էին, ավելի խորը, ու հենց ավելի շատ կենտրոնում էին:
Կհետաքրքրի՞ Ռոբերտ Քոչարյանի հուշերի գիրքը ռուսական լսարանին: Հնարավոր է, որ երկրորդ նախագահի համար առանցքային է ՌԴ առաջին դեմքի հետաքրքրությունը, հաշվի առնելով օրինակ այն, որ Քոչարյանն օրերս բողոքել էր ռուսական մեդիային տված հարցազրույցում, որ հայտնի քրեական գործի պատճառով չուներ Պուտինին ծննդյան տոնի առիթով շնորհավորելու հնարավորություն, քանի որ հեռախոսազանգով միշտ չէ, որ հնարավոր է կապվել նրա հետ:
Չի բացառվում, որ երկրորդ նախագահը ուշացած նվեր անի ՌԴ նախագահին՝ իր հուշերի գիրքը: Համենայն դեպս հետաքրքիր է, որ հարցազրույցում առանցքը ԽՍՀՄ փլուզումն էր եւ այն, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կապ չի ունեցել դրա հետ՝ այնքանով, որքանով կապ է ունեցել արցախյան շարժման հետ, այլ մինչեւ «վերջին պահը» հավատացել է կենտրոնին, մինչ այն պահը, երբ այլեւս ակնհայտ էր, որ կենտրոն չկա:
Թեման ուշագրավ է նրանով, որ հայտնի է ԽՍՀՄ փլուզման մասին Պուտինի տեսակետը: Նա 2011 թվականին պատրաստվելով վերադառնալ նախագահի պաշտոնին, հայտարարել էր, թե ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի աշխարհքաղաքական աղետ էր:
Բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ցույց տալ, որ այդ աղետի հետ ինքը կապ չունի: