Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից և ցուցանիշներից ու մտադիր է ամրապնդել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ: Նա այդ մասին խոսել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ Բաքվում կայացած հանդիպմանը: Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսված է Ալիևի պաշտոնական այցը Մինսկ:
 
Հիշեցնենք, որ Բելառուսը այս տարի Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Մինսկի և Բաքվի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի, և դա Երևանի մոտ «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ոչ պակաս կարևոր գործոն է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը: Մենք ռազմական տեխնիկա ենք ձեռք բերում Բելառուսից և շատ գոհ ենք որակից ու ցուցանիշներից: Բելառուսը ռազմական արդյունաբերության ոլորտում ցույց է տալիս շատ բարձր մակարդակ, և մենք պատրաստվում ենք շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում», ասել է Ալիևը Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ հանդիպմանը: «Հայաստանում դա «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս, ինչը չափազանց զարմանալի է: Քանի որ Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Բելառուսից: Ադրբեջանի ռազմատեխնիկայի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Այնուհետև նա ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ծավալի ռազմատեխնիկա է ձեռք բերում Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից, եվրոպական երկրներից, «ուստի զարմանալի է, որ դժգոհություններ ներկայացվում են բացառապես միայն Բելառուսին»:
Ալիևն, ինչպես երևում է, անցել է, Հայաստանի դիվանագիտությանը «ապտակներ» հասցնելու քաղաքականության ցուցադրությանը: Ավելին՝ Ադրբեջանը շեշտը դնում է ռազմական  համագործակցության վրա:
Այսինքն, Ալիևը մեկ ի ցույց է դնում, որ Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում Ադրբեջանի շահն են առաջ տանում, մյուս կողմից՝ ցուցաբերում են Հայաստանի նկատմամբ թշնամական գործողությունը՝ շարունակելով զինել Ադրբեջանին:
Եվ այդ շարքում՝ միայն Բելառուսը չէ, նաև Ռուսաստանն է:
Այս ամենը քիչ է, Ալիևը Հայաստանի իշխանությանը «հոգեկան խանգարմունքի նոպաներ» ունենալու մեջ է մեղադրում: Ակնհայտորեն, Հայաստանի համար նյարդերի պայքարի մի փուլ է բացվել:
Պատասխան քայլերը պետք Հայաստանից լինեն: