ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին որեւէ ուժի չի սատարելու: Այսօր քրեական գործով նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Սամվել Բաբայանը. «Որեւէ ուժի ես չեմ սատարելու, ես հետեւում եմ ընդհանուր զարգացումներին»,- հավելել է Բաբայանը: Անդրադառնալով արդարացման ակնկալիքներին՝ Սամվել Բաբայանը նշել, որ դեռ առաջին ատյանի դատարանում ասել է, որ չարդարացվելու դեպքում դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 
Դիտարկմանը, որ ազատ արձակվելուց հետո հայտարարել էիք, որ եթե իշխանությունները թողնեն՝ կգնաք Արցախ, Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ասել՝ իշխանությունները եթե թողնեն, ոչ մեկը չի ծնվել՝ թողնի կամ չթողնի: Ես էս երկրում երեք անգամ դատվեցի մենակ էդ ազատության համար, այնպես որ նման բան չի եղել: Ես բացատրել եմ, որ Արցախի ցանկացած նոր իշխանություն պետք է համագործակցի Երեւանի հետ, այսինքն, Երեւանի կարծիքը գլխավորն է: Երեւանը դեռ կարծիք չի հայտնել Արցախի մասով, կասի, կխոսենք»: Իսկ  թե ո՞վ է ըստ Բաբայանի կանգնած այս գործի ետեւում եւ ում պատվերով է իր նկատմամբ քրեական հետապնդում սկսվել, վերջինս նկատեց, որ ՀՀ-ում մի մարդ է պատվեր տալիս, երկրորդը չի եղել:
 
Լրագրողի ճշտող հարցին՝ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, Սամվել Բաբայանը պատասխանել է Ես անուն-ազգանունը չեմ օգտագործում: Մարդ եթե կենդանի է լինում, չեն տալիս նրա անուն-ազգանունը, մարդ եթե քո ուսերին գալիս է իշխանության, հետո սկսում քեզ բանտերում պահել, էդ մարդուն մարդ չեն համարում, համարում են կենդանի ու վերջ, ստեղ ի՞նչ կա չհասկանալու: