Ադրբեջանական քարոզչության դրոշակակիր համարվող լրատվամիջոցներից մեկը դժգոհություն է արտահայտել դեկտեմբերին Վրաստանում կազմակերպվող ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի կապակցությամբ: Ադրբեջանցիներին մտահոգել է փաստը, որ քաղաքացիական ֆորումի առաջ զեկույց ներկայացնելու համար հրավիրվել են պաշտոնյաներ ԱԳ անդամ գրեթե բոլոր երկրներից, այդ թվում Հայաստանից՝ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Ադրբեջանը հրավիրվել է ընդամենը Վրաստանում դեսպանի մակարդակով:
 
Բաքվի քարոզչամեքենային սակայն ամենից ավելի անհանգստացրել է տեղեկությունը, որ ֆորումի հատուկ հյուր կարող է լինել Նիկոլ Փաշինյանը: Ֆորումը սպասվում է դեկտեմբերի 10-12-ը: Ադրբեջանական քարոզչությունը, հղում անելով եվրոպական աղբյուրին նշում է, որ հնարավոր է պատվավոր հյուր լինի Նիկոլ Փաշինյանը: Հետո դիտարկվում է դրա ազդեցությունը, համադրելով այն իրողության հետ, որ Փաշինյանը փաստորեն ֆորումին կարող է հյուր լինել Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունից եւ դրանում համոզիչ հաղթանակից հետո: Ադբեջանցիները եզրակացնում են, որ այդպիսով նա ԵՄ ԱԳ քաղաքացիական ֆորումի հարթակում կհայտարարի Հայաստանում ժողովրդավարության լիակատար հաղթանակի մասին:
Բաքուն անշուշտ լավ է պատկերացնում այդ հանգամանքի քաղաքական ուժը միջազգային հարաբերություններում եւ մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությունում: Ի վերջո, Ադրբեջանն Արցախի շարժման եւ առաջին պատերազմի ընթացքում իր վրա զգացել է հենց հայկական զինուժի եւ ժողովրդավարության համատեղ ուժը՝ հայկական ռազմա-քաղաքական հաղթանակի տեսքով:
Ավելին, հետագայում Բաքուն իր ուժերը որոշակիորեն վերագտել է հենց հայկական ժողովրդավարության նահանջին զուգահեռ:
Այդ իմաստով միանգամայն հասկանալի է, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական ֆորումին Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրավիրյալ լինելը անհանգստացնում է Ադրբեջանին, եւ ոչ լոկ պարզապես «պարիտետի» խախտմանը արձագանքելու մակարդակում: Բաքուն թերեւս լավ է հասկանում, որ խոսքն ավելի կարեւոր եւ խորքային՝ քաղաքակրթական բալանսի խախտման մասին է:
Ադրբեջանական քարոզչամիջոցը նշել է, որ ադրբեջանական իշխանությունն իր դժգոհությունն է հայտնելու Եվրամիությանը:
Նիկոլ Փաշինյանի հրավիրյալ լինելու մասին չկա որեւէ պաշտոնական տեղեկատվություն: Այստեղ թերեւս կա երկու հանգամանք՝ կամ Բաքուն փորձում է խորամանկել, ստեղծել այսպես ասած այդպիսի հեռանկարի տպավորություն՝ իրականում դրա բացակայության պարագայում, հետո հայտարարելու համար, թե հասել է դրա չեղարկման դիվանագիտական հաջողության, կամ էլ Բաքուն իսկապես ստացել է այդպիսի մտադրության մասին տեղեկություն եւ փորձում է տապալել այն:
Եթե իրականությանը համապատասխանում է երկրորդ տարբերակն, ու իսկապես կա  Եվրամիության ԱԳ քաղաքացիական ֆորումին Նիկոլ Փաշինյանին հրավիրելու մտադրություն, ապա Ադրբեջանը փաստորեն իր դժգոհությամբ եւ խոչընդոտելու մտադրությամբ կատարում է Եվրամիության համար խիստ վտանգավոր քայլ:
Բանն այն է, որ, եթե Եվրոպան հրաժարվի մտադրությունից՝ Բաքվի պատճառով, ապա դա կնշանակի, որ Բրյուսելը ժողովրդավարությունը ստորադասում է իր իսկ գնահատմամբ մարդու իրավունքի ու ժողովրդավարության խնդիր ունեցող համակարգի քմահաճույքին: Ըստ այդմ, առնվազն Հայաստանի հանրության շրջանում կառաջանա հարց, թե որքան ամուր է Հայաստանում ժողովրդավարության գործընկեր լինելու ԵՄ քաղաքական կամքը: