Դեռևս այս տարվա սեպտեմբերի 11-ին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել 30 մլն դոլարը պետական բյուջե կվերադարձնելու համար:
 
Դավիթաշեն համայնքում, Իմ քայլը դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր:
«Այսօր պայման եմ դնում ձեր առաջ` օր առաջ հավաքեք ձեր գողացած փողերը եւ կամավոր վերադարձրեք այն ժողովրդին․․․
Այդ ժամանակ մենք ժողովրդի հետ կքննարկենք` ներե՞նք ձեզ, թե՞ չներենք: Հակառակ դեպքում աշխարհում չկա որևէ ուժ, որ ձեզ կօգնի․․․
Եվ ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը մի շաբաթվա ընթացքում կամավոր հանի հայկական բանկից 30 մլն դոլարը և կվերադարձնի պետական բյուջե»․․․
Այս հայտարարությունից ընդամենը 6 օր անց Սաշիկ Սարգսյանը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր․
«Նիկոլ Փաշինյանը բացահայտ եւ հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս, եւ մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե։
Այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման:
Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել,
իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով եւ փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները»:
Այս հայտարարություններից արդեն անցել է մոտ 3 ամիս, ու հետաքրքիր է, որ Սաշիկ Սարգսյանը հենց այս թեժ ընտրական ժամանակահատվածում որոշեց ՀՀ պետբյուջեյին «նվիրաբերել» «իր սեփական քրտինքով աշխատած» 30 մլն դոլարը։ Ստացվում է,
որ Սաշիկ Սարգսյանը ճոխ նվեր է անում Նիկոլ Փաշինյանին այս նախընտրական թոհուբոհի մեջ։ Պարզ է, որ այս 30 մլն դոլարը պետական բյուջե վերադարձնելը ձայներ կբերի «Իմ քայլը» դաշինքին։