Երեկ Գյումրի էին այցելել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի տիկին՝ Նունե Սարգսյանը: Վերջին մեկ ամսում սա նախագահի երկրորդ այցն էր Գյումրի: Այս անգամ այցելության նպատակը թատրոնում ներկայացում դիտելն էր: Գյումրու դրամատիկական թատրոնը, ԱՄՆ հյուրախաղերի մեկնելուց առաջ, երեկ կրկին ներկայացրեց Հարսանիք թիկունքում դրաման։
 
Ուշագրավ է, որ աճեմյանցիները «Հարսանիք թիկունքում»-ը խաղացել են նաև երևանյան թատրոններում, սակայն նախագահը նախընտրեց այն դիտել հենց Գյումրիում, իսկ ներկայացումից հետո հանդիպում ունեցավ ստեղծագործական կազմի հետ, երկար զրուցեց նրանց հետ, շնորհավորեց ռեժիսորին և դերակատարներին, բարձր գնահատեց կատարած աշխատանքը: Համբուրեց դերասաններին՝ նշելով, որ բավականին տպավորված է ներկայացմամբ:
«Անչափ ուրախ եմ, որ գտնվում եմ Վարդան Աճեմյանի անվան թատրոնում: Ես ու կինս բախտ ենք ունեցել տեսնելու Վարդան Աճեմյանին: Այսուհետ, ես հաճախ կլինեմ այս թատրոնում: Սա այն թատրոնն է, որի բեմում խաղացել են հայ թատրոնի մեծանուն արտիստները: Գյումրին իմ տունն է, որի ունիկալ մշակույթն ու արվեստը մշտապես տարբերվել և տարբերվում է հանրապետության մյուս քաղաքներից»,- նշեց ՀՀ նախագահ:
Հիշեցնենք, որ «Հարսանիք թիկունքում»-ը ամիսներ առաջ Գյումրիում դիտեցին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Ապրիլյան պատերազմի հերոսներին է նվիված ներկայացումը: Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման հիմքում իրական պատմություն է՜ գյումրեցի հերոս Հրաչ Գալստյանի պատմությունն է: Ներկայացումն առանց հուզվելու հնարավոր չէ նայել: Բեմադրության ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է, իսկ հաջողությունն ապահովում է նաև հրաշալի երաժշտությունը, որի հեղինակն է կոմպոզիոտոր, երգիչ Հայկոն:
Հ. Գ.Արմեն եւ Նունե Սարգսյանները գիշերել են Գյումրիում, այսօր նրանք մտադիր են շրջել քաղաքով: