Հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
 
Պարոն Բաբայան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ սկսեց շահարկվել Արցախի հարցը, կա՞ն իրոք մտահոգության լուրջ հիմքեր։ – Ղարաբաղի հարցի շուրջ ակտիվացած կողմերի 99 տոկոսը ստում է։ Իրենց ասածներն իրականությանը չեն համապատասխանում։
Ես չունեմ մտահոգություն, մտավախություն, որովհետեւ վերջնական որոշողը լինելու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մինչեւ այս էլ էին յոթ շրջան հանձնում, բայց ոչ մի բան չի հանձնվել եւ չի էլ հանձնվի։ Դա հեշտ չէ։ Եթե ինչ-որ սեղանի շուրջ թուղթ են ստորագրում, թե հանձնում են, դա չարաչար սխալվել է նշանակում։ Խորհուրդ եմ տալիս դրանով չզբաղվել:
Ըստ Ձեզ՝ չկա՞ն զարգացումներ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ճնշումներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կողմից։ Չէ՞ որ ոչ մի նախընտրական քարոզարշավում այդքան սրությամբ չէր արծարծվել Ղարաբաղի հարցը։
– Նորից եմ ասում՝ որեւիցե ԱՄՆ, ՌԴ չի լուծում այդ հարցը։ Էդ հողի վրա ովքեր ապրում են, նրանք պետք է լուծեն այդ հարցը՝ իրենց ուզած ձեւով։ Մյուս հարցն այն է, որ ՀՀԿ-ն ուզում է ցույց տալ իր անփոխարինելի դերը, որ մտահոգ է տարածքներով։ Բայց մոռանում են, թե ով էր յոթ շրջաններն ուզում հանձնել։ Կարո՞ղ է դա Փաշինյան Նիկոլն էր ուզում հանձնել։ Նրա անունը Փաշինյան Նիկոլ չէր։ Այ, այդ յոթ շրջան հանձնողի վիզը պետք է կտրել։ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ