Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Կենտրոն հեռուստաընկերության եթերում հեռարձակվելիք նոր հաղորդման նախագիծը, որի նպատակն է բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանները կամավորների և բարեգործների օգնությամբ վերանորոգելը: Իր խոսքում Ժիրայր Թորգոմյանը շեշտել է, որ ծրագիրն իր մտքում հղացել է Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո:
 
Գաղափարը ճարտարապետը ներկայացրել է տիկին Հակոբյանին և արժանացել լիակատար աջակցության: Աննա Հակոբյանն էլ, կարևորելով նման բարեգործական նախաձեռնությունների անհրաժեշտությունը հասարակության տարբեր շերտերի կենսամակարդակը բարձրացնելու գործում, շեշտել է, որ հիմնադրամն անհրաժեշտության դեպքում կօժանդակի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների վերանորոգման գործում:
Ներկա դրությամբ ընթանում են հաղորդման նախագծի մշակման վերջին աշխատանքները: Նկարահանումները կսկսվեն մոտ օրերս, իսկ հաղորդումը եթեր կհեռարձակվի 2019 թվականի փետրվար ամսից: