Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել Հայրենիքիդ եւ ժողովրդիդ, եւ այդ ծառայությունը ինձ համար շարունակական առաքելություն է, ոչ թե աշխատանք:
 
Այս տողերով ֆեյսբուքյան իր էջում հրաժեշտի նամակ է հրապարակել Արմեն Աշոտյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց վստահված պաշտոնների համար եւ հաջողություն մաղթելով հաջորդ նշանակումներին:
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար:
 
Առանձնակի ակտիվությամբ աշխատել եմ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի ուղղությամբ: Ուժերիս չափով նպաստել եմ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական առաջխաղացմանը:
Հանդիսանալով Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ իմ նախաձեռնությամբ ներկայացվել եւ Արեւելյան գործընկերության այս կարեւորագույն հարթակում ընդունվել են հրատապ բանաձեւեր «Մահացու ինքնավար զենքի» կիրառման կանոնակարգման, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ եվրոպական երկրներում վավերացման վերաբերյալ:
Իմ եւ գործընկերներիս ջանքերով, չեզոքացվել են տասնյակ հակահայկական նախաձեռնություններ եւ ձեւակերպումներ: Այս ընթացքում Եվրանեսթ խորհրդարանական համաժողովում չի ընդունվել գեթ մեկ փաստաթուղթ, որը կվնասեր Հայաստանի եւ Արցախի շահերին:
Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կարողացել ենք լրջագույն ձեռքբերումներ արձանագրել նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում՝ հանձնաժողովի եզրափակիչ հայտարարություններում հայանպաստ ձեւակերպումների խթանումից սկսած մինչեւ անցում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրով նախատեսված ավելի բարձր՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ձեւաչափի: Սա մեծ ձեռքբերում է խորհրդարանական դիվանագիտության համար ու արդյունավետ հարթակ հետագա գործունեության համար:
Հանձնաժողովի աշխատանքներում առանձնահատուկ նշանակություն են ունեցել համատեղ աշխատանքները ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ ՌԴ ԴԺ Պետական Դումայի գործընկեր կոմիտեի հետ, որոնք մեծապես նպաստել են հայ-ռուսական քաղաքական եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել շուրջ 50 գործընկեր երկրների խորհրդարանականների, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ:
Այս ընթացքում պաշտոնավարման առանձնակի ձեռքբերումների շարքում պետք է առանձնացնեմ նաեւ Վերլուծական խորհրդի հիմնադրումը, որը դարձավ արդյունավետ հարթակ ոլորտի փորձագետների համախմբման, օրենսդիր մարմնի հետ փորձագիտական հանրույթի համագործակցության համար:
Ամփոփելով, սակայն չթվելով հանձնաժողովում հաջողության պատմությունների ամբողջական շարքը՝ համատեղ աշխատանքի ու համագործակցության, ինչպես նաեւ պետական շահում միասնականության դրսեւորման համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ Նախագահին, ԱԺ պատգամավորներին, հանձնաժողովի եւ պատվիրակությունների անդամներին, ՀՀ դիվանագետներին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին, միջխորհրդարանական կազմակերպությունների գործընկերներին, փորձագիտական համայնքին, լրագրողներին ու ԱԺ եւ, անշուշտ, մեր հանձնաժողովի աշխատակազմին:
Շնորհակալ եմ բոլորիդ համագործակցության, պատրաստակամության ու նվիրումի համար:
Հաջողություն եմ մաղթում բոլոր այն մարդկանց, ովքեր նոր ԱԺ-ում պատասխանատու են լինելու միջազգային ասպարեզում մեր պետական շահերի առաջխաղացման համար:
Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել Հայրենիքիդ եւ ժողովրդիդ, եւ այդ ծառայությունը ինձ համար շարունակական առաքելություն է, ոչ թե աշխատանք:
Շնորհակալություն վստահության համար եւ մինչ նոր հանդիպումներ»,- գրել է Աշոտյանը: