«Իրատեսը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի հետ:
 
-Պարոն Սահակյան, Դու՞ք էլ եք համաձայն, որ հարուստը պետք է ուտի միս ու կարագ, իսկ աղքատը խուսափի նման թանկ սննդատեսակից ու բավարարվի միայն կարտոֆիլով:
 
-Ճիշտն ասած, եթե հարուստ է, շատ փող ունի, ամեն ինչ էլ կարող է ուտել: Պետությունները պետք է կարողանան այնպիսի տնտեսական համակարգ ստեղծել, որ մարդը կարողանա ուտել այն, ինչն անհրաժեշտ է իր հետագա կյանքը շարունակելու համար:
 
-Ընդդիմադիրները ՀՀԿ-ին հաճախ են մեղադրում, որ անկախությունը «հանձնել» եք այս կամ այն տերությանը:
 
-Նախ պետք է ասել, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր ուժեր չկան, կան ընդդիմադիր գործիչներ, որոնք շատ քիչ են: Բոլորին թվում է, թե մենք ինչ-որ մի տերության կողմը պետք է գնանք, իսկ մենք մտածում ենք Հայաստանը պաշտպանելու և լիարժեք պետություն ունենալու մասին:
Ընդդիմությունը կարծում է, որ պետք է գնանք Եվրոպա, մեզ այնտեղ լավ կընդունեն, չգնանք հանկարծ Ռուսաստան, մի մասն էլ ասում է՝ բա որ ԱՄՆ գնանք, մեզ ո՞նց կընդունեն: Ոչ մի պետություն ոչ մի ժողովրդի չի ընդունում: Պետք է քո պետությունն այնպես առաջ տանես, որ այս կամ այն պետության հետ կարողանաս համագործակցել:
-«Գելափի» հարցման համաձայն, երկրի ղեկավարի` Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է: Ինչի՞ շնորհիվ:
-Երկրի ղեկավարը միակ մարդն է, որ Հայաստանի անկախության բոլոր ճանապարհներով անցել է: Եթե ժողովուրդը վատ է ապրում, վատ բաներ է խոսում, եթե լավ` լավ: Նախագահի վարկանիշը չի կարելի համեմատել որևէ մեկի վարկանիշի հետ:
Նախկին երկու նախագահների ժամանակ կային մարդիկ, ովքեր կարող էին ղեկավարել երկիրը, իսկ այսօր Սերժ Սարգսյանից բացի երկրորդ մարդ չկա: Ոչ մեկը չի հայտարարել, թե բացի նրանից կա մեկը, որ կարող է երկիր ղեկավարել: