7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախատեսված է հունվարի 14-ին, իսկ մինչ այդ՝ հունվարի 10–ին պատգամավորները կստանան իրենց մանդատները։ 7-րդ գումարման ԱԺ–ն ունի 132 պատգամավոր, որից 88 մանդատը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ–ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ 
 
«Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ կգնա նաեւ Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ով իր աշխատանքը պատկերացնում է մշակույթի եւ կրթության հանձնաժողովում։ Նա նկատում է՝ առաջին հերթին պետք է բարձրաձայնի թանգարանների մասին օրենքի հարցը, որի չլինելու պատճառով բավականին դժվարացավ աշխատանքը «Ինչպես նաեւ մշակութային տարբեր ոլորտների համար օրենքների մշակումը՝ համապատասխան ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելով։ Այդ օրենքները շատ կարեւոր կլինեն»։ 
Տարիներ շարունակ մշակույթի ոլորտի (կինո, թատրոն, թանգարան) օրենքները մշակվել եւ քնեցվել են, թե ո՞րն է պատճառը, որ մշակույթին վերաբերող խնդիրները միշտ երկրորդվել են, Թուխիկյանն ասաց․ «Կարծում եմ դրանց այդքան ուշադրություն չի դարձվել, որովհետեւ անկարեւոր մի բան է համարվել։ Ես հիշում եմ տեւական ժամանակ մեզ անհանգստացնում էին՝ սպասելով մեր առաջարկներին, բայց ոչ մի հետեւանք, այսինքն զուտ ձեւական պրոցես էր, բայց հիմա ուղղակի անհնար է չունենալ նման օրենքներ։ Մոտ կես տարի առաջ ԱԺ-ից հետ կանչվեց թանգարանների մասին օրենքը, քանի որ 2010թ-ից գրում էին ու տեղ չէր հասնում, բայց այնքան վատն էր, որ ուղղակի հետ կանչվեց եւ չտրվեց լրամշակման»։ 
Հունվարի 14-ին Թուխիկյանն արդեն կազատվի թանգարանի տնօրենի պաշտոնից, քանի որ օրենքը թույլ չի տալիս համատեղություն․ «Բայց քանի որ Թումանյանի 150 ամյակն է, ես անպայման կօգնեմ թանգարանին ինչով կկարողանամ, նախ որ շատ ծրագրեր իմ անձնական մտահղացումներն են, իմ պայմանավորվածությունները, կապերը։ Այնպես որ հասարակական կարգով ես կշարունակեմ զբաղվել եւ օգնել թանգարանին»։  
Մինչեւ թանգարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, կնշանակվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար․ «Սովորաբար փոխտնօրենն է դառնում, կարծում եմ, որ նա կլինի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ կլինի մրցույթը, իսկ օրենքը մինչեւ 6 ամիս թույլ է տալիս մնալ ԺՊ»։ Թանգարանի փոխտնօրենը երիտասարդ կադր Անի Եղիազարյանն է, ով Թուխիկյանի խոսքերով նախաձեռնող եւ կրեատիվ անձնավորություն է, եւ նրա ԺՊ նշանակվելու դեպքում, ինքը գոնե վստահ կլինի, որ թանգարանը 6 ամիս ապահով հունով կընթանա։