Արցախյան պատերազմի ժամանակ, երբ կամավորական ջոկատներ էին, բանակ չունեինք, սահմանամերձ գոտիները դարձել էին յուրօրինական պաշտպանական կետեր։ Օգնում էին զինվորին՝ ինչով կարող էին։
 
Մի փոքրիկ դրվագ ներկայացնեմ։ Կամավորների հագուստները բերում, բաժանում էինք տների վրա, մեծագույն սիրով ու նվիրվածությամբ մայրերն ու քույրերը լվանում էին։ Կենտրոնացվում էր մի կետում ու տեղ էր հասցվում։
 
Լվացված, արդուկված զինվորական հագուստները կենտրոնացվում էր մի տեղ։ Այդ օրը Կոտայքի կամավորականների զինվորական հագուստներն էին բերվել։ Հրամանատարը գնդապետ Կիմ Գիլոյանն էր, հիմա էլ կա, ապրում է։ Նա էլ եկել էր՝ տանելու։ Զինվորական հագուստների վրա մայրերն ու քույրերը Խաչ էին գործել։ Պատկերացնու՞մ եք՝ բաժանել էինք տարբեր տների վրա, մայրերն ու քույրերն իրարից անկախ բոլորն էլ Խաչ էին գործել։ Իրարից անկախ։
 
Հետո հրամանատարն ինձ ասաց, որ իմ տղերքը փրկվել են Խաչով։ Դա ոչ թե խոսք էր, ոչ թե ձև էր, այլ հավատ, որի միջոցով կարելի էր սարեր շուռ տալ։ Նրանք հավատում էին Խաչին։ Դա նրանց չէր թուլացնում, ուժին ուժ էր ավելացնում։ Վկայությունը՝ մեր հաղթանակը։
 
Մեր Պաշտպանության նախարարը Խաչի կնքահայր է։ Մի տեսակ վստահ չի վերցրել իր ձեռքում Խաչը, մի տեսակ անբնական է։ Դա նմանվում է ծիսակարգի, արարողակարգի, բայց կյանք չէ, մարդիկ չեն ընկալում։ Խաչը պետք է մտնի մարդկանց արյան, սրտի մեջ, Խաչը պետք է իմա՜ստ ունենա։ Վիրահատության դանակը վիրաբույժին են տալիս, ջութակը՝ նվագողին, գրիչը՝ գրողին։ Ամեն մի գործիք իր կրողն ունի։ Ծիսական ձևական արարողությամբ հավատը փլվում է։ Սա է սոսկալին։
 
Խաչը ամենամեծ զենքն է և Նա պիտի լինի այն մարդու ձեռքում, ում ժողովուրդը վստահում ու հավատում է։ Կասեք՝ այսօր մարդիկ ոչ մեկին չեն վստահում։ Հենց այստեղ է, որ սխալվում եք։ Արցախյան պատերազմի հերոսներ ունենք, ովքեր իրենց արյունը խառնեցին հողին․․․ Այդ հերոսներին անուն առ անուն գիտի ժողովուրդը, խաչը տվեք նրանց ծնողներին, թող նրանք տանեն։ Հավատացած եմ բոլորը՝ մի մարդու նման կհամբուրեն ոչ միայն խաչը, այլ ծնողի հագուստի փեշը․․․
 
Մի թուլացրեք խաչի զորությունը։ Այն զենք է և պետք է սովորենք ճիշտ կերպով գործածել։ Հավատի զենքը կարող է անել այն, ինչ ոչ մի զենք չի կարող անել։
 
ՀԳ Գուցե ժամանակը գա և մեր պաշտպանության նախարարին էլ մարդիկ հավատան այնպես, ինչպես կրծքով տանկի առաջխաղացումը կասեցնող զինվորին։ Տա Աստված։
 
 
Հասմիկ Բաբաջանյան