Սննդաբանների հավաստմամբ՝ տոնական օրերին կուտակված ավելորդ կիլոգրամները հետագայում կարող են կրկնապատկվել, եթե մարդը ճիշտ չազատվի դրանցից: Բանն այն է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և օրգանիզմը բեռնաթափելու գործընթացը պետք է լինի աստիճանաբար:
 
Ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը մասնագետները համարում են ճիշտ սննդակարգի հիմնական կանոններին հետևելը: Նրանք խորհուրդ են տալիս բացառել սննդակարգից ճարպոտ ու տապակած սննդամթերքը, ինչպես նաև քաղցրավենիքն ու քաղցր ըմպելիքները: Բացի այդ, ցանկալի է սահմանափակել նաև սուրճի, թեյի և ալկոհոլի գործածությունը՝ փոխարինելով դրանք հասարակ չգազավորված ջրով:
 
Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի հետևել խիստ դիետաներին կամ առավել ևս քաղցած մնալ, քանի որ նման մոտեցման հետևանքով հետագայում կորցրած կիլոգրամները ոչ միայն կվերադառնան, այլև կկրկնապատկվեն: Միևնույն ժամանակ՝ սննդակարգում արված այս փոփոխություններից բացի հարկավոր է նաև հետևել աշխատանքային գրաֆիկին, բավականաչափ հանգստանալ ու լինել ֆիզիկապես ակտիվ: