Տարիներ շարունակ իմ մտահոգությունն ու վրդովմունքն եմ հայտնել ապատեղեկատվության, ֆեյք լուրեր հրապարակելու, պատվիրելու եւ տարածելու դեմ:
 

Թե իշխանություն եղած ժամանակ, թե դրանից հետո՝ մինչ օրս, ականատեսն եմ եղել իմ համեստ անձի, գործընկերերիս նկատմամբ թիրախավորված ֆեյք-նյուզերի, նպատակաուղղված վարկաբեկման: Երբեմն որոշել եմ հարցը լուծել դատական կարգով, հետո թողել եմ՝ ժամանակս եւ ջանքերս իմաստալից եւ լուրջ գործի վրա ծախսելու համար:

 

Ի վերջո, ֆեյքությունը ժողովրդի լեզվով ասած՝ գիտենք ինչ է: Ես սովոր եմ ամեն ինչ ասել մարդկանց դեմքին՝ ուղիղ ու պատասխան տալ ասածիս ու արածիս համար, այլ ոչ թե թաքնվելով սրա-նրա, համակարգչի թիկունքում՝ «կատու ճղել»:

 

Ժամանակին Ֆեյք նյուզերի մի մասը հրապարակվում էին այսօրվա իշխանությանը պատկանող տեղեկատվական հարթակներում, ստի ու կեղծիքի զգալի մասը շրջանառության մեջ էր դրվում արդեն հայտնի ուժերի եւ հայտնի կենտրոններից ֆինանսավորվող կազմակերպությունների, ՊՈԱԿ-ների, ծառայողների կողմից: Մեր երկիրը փոքր է ու բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն:

 

Հիմա ասածս ինչ է. շանտաժով, ֆեյք-նյուզերի, սուտ տեղեկությունների տարածման արդյունքում իշխանությունը զավթած, «մանիպուլյացիայի գրոսմայստեր» Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԱԾ պետին հրահանգում է պայքարել ֆեյքերի դեմ՝ խնդիրը տեղափոխելով ոչ ավել, ոչ պակաս ազգային անվտանգության ոլորտ:

 

Եւ սա ասում է մի մարդ, ով «օդում կախված լուրերի» ձեւակերպման վարպետ է, ով տարիներ շարունակ ապատեղեկատվություն եւ սուտ է տարածել ԱԺ ամբիոնից: Ինչպես կասեր դասականը՝ գողն առաջինն է ասում բռնեք գողին:

 

Հ.Գ. Հետաքրքիր է՝ Փաշինյանը հիմա՞ էլ է կարծում, որ 2016թ. Ապրիլյան պատերազմում Ռուսաստանի մատը խառն է եւ դա պատերազմ էր Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու համար:

 

Փաշինյանը հիմա՞ էլ է կարծում, որ կարմիր գծերն ու տեսախցիկները պետք է վերացնել:

Փաշինյանը հիմա՞ էլ է կարծում, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ օտարերկրյա գործակալներ են: Ի դեպ, մինչ օրս անունների ենք սպասում:

 

Փաշինյանը հիմա՞ էլ ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները կհրապարակի, որպեսզի գազազած ամբոխը կանանց հայհոյի ու սպառնա, թե՞ նորից «իրողություն փոխվեց»՝ արդեն ազգային անվտանգության հարց կդիտարկվի:

 

Հ.Հ.Գ. Բոլոր հնարավոր ֆեյքերը չպետք է տեղ ունենան մեր երկրում, այդ թվում՝ սիրո եւ համերաշխության ֆեյք քարոզիչները: