Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծնող են դարձել. ծնվել է նրանց երեխան, ինչի մասին ասվում է թագավորական զույգի պաշտոնական ինստագրամյան էջում:   Նշվում է, որ Սասեքսի դքսուհին արու զավակ է լույս աշխարհ բերել: «Ուրախությամբ հայտնում ենք, որ 2019թ. մայիսի 6-ին ծնվել է Սասեքսի դքսի ու դքսուհու առաջնեկը: Տղան կշռում է 3,2 կգ: Դքսուհին և նորածինն առողջ են, իրենց լավ են զգում»,-ասվում է գրառման մեջ:   Մինչ այս, Daily Mail-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում, հավանաբար, մի քանի ժամից համալրում կլինի՝ մանրամասնելով, որ արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մոտ մայիսի 6-ին ծննդաբերական ցավեր են սկսվել: 38-ամյա դքսուհու մոտ երկունքի ցավերը սկսվել էին առավոտից. հայտնի է, որ ըստ բժիշկների տված ժամկետի՝ նա պետք է ծննդաբերեր դեռևս 7 օր առաջ:  Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեգան Մարքլը մտադիր է խախտել բրիտանական թագավորական ընտանիքի 40-ամյա ավանդույթն ու հրաժարվել ծննդաբերել Լոնդոնի լավագույն ծննդատներից մեկում, որտեղ իրենց երեխաներին են լույս աշխարհ բերել արքայադուստր Դիանան և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա ցանկացել է իր առաջնեկին լույս աշխարհ բերել տանը: 
Подробнее: https://shabat.am/am/article/203486/TSnvel-e-arqayazn-Harii-ev