«Այդ հարցի շուրջ որևէ պատասխան տալ չեմ կարող. ընթանում է ծառայողական քննություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են ԱԱԾ-ում ոչնչացվել կամ կորել փաստաթղթերը:

Հիշեցնենք՝ այդ տեղեկությունը երեկվա մեծ ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետը. «Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, որը հանցագործություն է. իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նույն օրը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, թեմայի վերաբերյալ հարց էր հնչեցրել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ով բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»: