Քննադատություններից վատ չեմ զգում, իսկ ինչ վերաբերում է հագուստին, ապա բոլորին են այդ առումով քննադատում եւ դա այնքան նուրբ թեմա է. անհնար է այնպես հագնվել, որ դա բոլորին դուր գա: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը նկատեց, որ հագուստի թեմային անդրադառնալն ու առավելեւս դրա շուրջ հնչող քննադատությունների վրա կենտրոնանալն անիմաստ է համարում: «Ես կենտրոնացել եմ հայկական արտադրանքը խթանելու վրա, ուստի շատ չեմ էլ խորանում, թե լավ է, վատ է, կամ ինչ ասեցին, ինչպես վերաբերվեցին: Եվ որքան էլ ամոթալի հնչի, ինքս նախկինում տեղյակ չէի հայկական բրենդներից, չգիտեի, որ այդքան մեծ ծավալի ընտրություն կա: Հիմա ուզում եմ այդտեղ էլ օգտակար լինել եւ մարդկանց տեղեկացնել, եւ վճարունակ մարդիկ, որոնք նախընտրում են արտասահմանյան բրենդներից օգտվել, կարող են տեղական արտադրության հագուստ գնել»,-ասաց Աննա Հակոբյանը՝ նկատելով, որ տեղական արտադրության հագուստը բավականին թանկ է, ինչի պատճառներից մեկը սահմանափակ սպառող ունենալն է, ուստի, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրության արժանացնել տեղական արտադրանքին եւ խթանել դրա զարգացումը: